Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատի ուսանողներ Լուիզա Մկրտչյանն (2-րդ կուրս) ու Արմինե Հակոբյանը (3-րդ կուրս) հրավիրվել էին մասնակցելու Չինաստանում անցկացված «Թվային ինտերակտիվ մեդիա դիզայն» միջազգային մրցույթ-թրեյնինգին։ Ուսանողներին հրավերը եկել էր Ֆրանսիայի Լիոն քաղաքում իրականացած Worldskills 2024 օլիմպիադայի մասնակցության արդյունքում:
Միջոցառումը համատեղում էր մրցութային և ուսուցողական բաղադրիչներ՝ ներառելով մասնագիտական դասընթացներ և գործնական առաջադրանքներ, ինչպես նաև մշակութային ծրագրեր։ Մրցութային մասում ուսանողները ներգրավվել են չորս թեմատիկ մոդուլներում՝ գրաֆիկական դիզայն (Adobe Photoshop), վիդեոմոնտաժ, թվային իլյուստրացիաներ, համագործակցություն-աշխատանք հաճախորդի հետ։ Մասնակիցները վերջում ներկայացրել են նաև իրենց նախագծերը՝ ինտերակտիվ ձևաչափով:
Մրցույթին մասնակցում էին շուրջ 15 ուսանողներ՝ Չինաստանից, Բրազիլիայից, Հայաստանից և ասիական այլ երկրներից: Հայաստանից միջոցառմանը մասնակցում էին միայն ՃՇՀԱՀ ուսանողուհիները՝ Լուիզա Մկրտչյանը և Արմինե Հակոբյանը, ընդ որում, Լուիզա Մկրտչյանը արժանացել է երկրորդ մրցանակային հորիզոնականին, իսկ Արմինե Հակոբյանը զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը և պարգևատրվել է գերազանցության մեդալով, որը տրվում է բարձր արդյունք ցուցաբերած, բայց մրցանակային տեղ չզբաղեցրած մասնակիցներին։
Նմանատիպ նախաձեռնությունները խթանում են ուսանողների միջազգային համագործակցությունը, մասնագիտական փորձի ընդլայնումը և համալսարանի ներկայացվածությունը համաշխարհային հարթակում։