Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչությունը (Project Management Institute, PMI) համագործակցության հուշագրի շրջանակում, նախաձեռնում են սեմինարների շարք՝ ուղղված ՃՇՀԱՀ ուսանողների և ոլորտի մասնագետների մասնագիտական զարգացմանը։
Սեմինարների նպատակն է ընդլայնել մասնակիցների պատկերացումները ժամանակակից շինարարական նախագծերի կառավարման և դոնոր կազմակերպությունների ներգրավմամբ իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ։
Սեմինարների շարքի խորագիրն է՝ «Դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ենթակառուցվածքային նախագծերը և շինարարության կառավարումը»։ Սեմինարները կվարեն ոլորտի առաջատար մասնագետները՝ PMI Հայաստանի նախագահ և նախագծերի կառավարման փորձագետ Աստղիկ Սահակյանը, PMI Հայաստանի փոխնախագահ և քաղաքացիական շինարարության ոլորտում ծրագրերի կառավարման մասնագետ Երվանդ Հովհաննիսյանը, լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրավական ապահովման փորձառու մասնագետ Մարիամ Բադեյանը։
Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող նախագծերին, շինարարական նախագծերի կառավարմանը և ժամանակացույցին, դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող պայմանագրերի կառավարմանը և ինժեներ խորհրդատուների միջազգային ֆեդերացիայի (FIDIC) պայմանագրերին, շինարարական պայմանագրերի կառավարմանը, ինչպես նաև ուսումնասիրել լավագույն պրակտիկան և դեպքերը:
Սեմինարների ընթացքում, ուսանողների շրջանակում տեղի կունենա խաղարկություն, որի արդյունքում PMI Հայաստանի և գործընկեր կազմակերպությունների՝ «Azurit» ՍՊԸ-ի և «VGM Projects» ՍՊԸ-ի կողմից 30 ուսանողի հնարավորություն կընձեռնվի ստանալու PMI-ի տարեկան անդամակցություն (www.pmi.org), ինչպես նաև սկիզբ դնելու PMI Հայաստանի ուսանողական ակումբի հիմնադրմանը։
Սեմինարների ավարտին բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով։
Սեմինարները տեղի կունենան ապրիլի 30-ին, և մայիսի 2-ին, ժամը 16:00-18:00-ը, ՃՇՀԱՀ 2023 լսարանում։