(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐԵՐԸ»՝ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) հաջողությամբ ավարտվեցին «Բաց դռների օրերը», որոնք նախատեսված էին դիմորդների համար՝ համալսարանի կրթական միջավայրին, մասնագիտական ուղղություններին և ուսումնական հնարավորություններին ծանոթանալու նպատակով։

Միջոցառման ընթացքում մասնակիցները շրջեցին իրենց նախընտրած մասնագիտությանը համապատասխան ֆակուլտետով՝ ստանալով մանրամասն տեղեկատվություն կրթական ծրագրերի, լաբորատոր հագեցվածության, ուսումնական գործընթացի և պրակտիկ հնարավորությունների մասին։ Շրջայցերը ուղեկցվում էին Ուսանողական խորհրդի անդամների և ֆակուլտետների ներկայացուցիչների կողմից, որոնք ներկայացնում էին մասնագիտական ոլորտների առանձնահատկությունները, ծանոթացնում համալսարանին և պատասխանում հետաքրքրող հարցերին։

Բացի այդ, յուրաքանչյուր ֆակուլտետի դիմորդների համար կազմակերպվել էր վիկտորինա, որի ընթացքում դիմորդները հնարավորություն ունեցան ստուգելու ինչպես իրենց ուշադրությունը շրջայցերի ժամանակ, այնպես էլ՝ գիտելիքները ՃՇՀԱՀ-ի վերաբերյալ։ Արագ ու ճիշտ պատասխանների համար մասնակիցները համալսարանի կողմից ստացան խորհրդանշական նվերներ։

Միջոցառման կարևոր բաղադրիչներից էր նաև ֆակուլտետների խոսնակների մասնակցությունը։ Յուրաքանչյուր ֆակուլտետից հանդես եկան դասախոսներ, ուսանողներ և շրջանավարտներ, ովքեր ներկայացրին իրենց անձնական փորձը՝ պատմելով համալսարանում ուսանելու դժվարությունների, ինքնազարգացման ճանապարհի և ՃՇՀԱՀ-ի ընձեռած հնարավորությունների մասին։ Նրանց անկեղծ և ոգեշնչող պատմությունները օգնեցին դիմորդներին պատկերացնել իրենց ապագան համալսարանում և ամրապնդեցին մասնագիտության ընտրությունը ։

«Բաց դռների օրերը» նպատակ ունեին աջակցել դիմորդներին՝ ճիշտ մասնագիտություն ընտրելու և տեղեկացված որոշում կայացնելու գործընթացում։ Միջոցառումը կարևոր քայլ էր համալսարանի և ապագա ուսանողների միջև փոխադարձ կապի ամրապնդման գործում։

16.04.25