(010) 303-300

ԿԱՅԱՑԱՎ DAAD ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Օրերս համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գեբհարդ Ռոյլի և Հայաստանում Կրթաթոշակների և ուսումնական ծրագրերի համակարգող Արևիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին համալսարանի դասախոսներ և 5 ֆակուլտետների բակալավրիատի 1-4-րդ կուրսերի ուսանողներ:

DAAD տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Թբիլիսիում և պատասխանատու է նաև Հայաստանի համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց գերմանական բուհերի մագիստրատուրայում ուսումնառության և հետազոտություններ իրականացնելու կրթաթոշակային ծրագրերի, դրանց դիմելու ընթացակարգի, թիրախային խմբերի, ծրագրի մեկնարկի և դիմելու ժամկետների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: Գեբհարդ Ռոյլը նշեց, որ ուսումնառության հետաքրքրության առումով Գերմանիան աշխարհում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, ինչը կապված է կրթության բարձր մակարդակի և հասանելիության հետ. Գերմանիայի բուհերի մոտ 80%-ը անվճար է:

Արևիկ Հարությունյանը ներկայացրեց DAAD-ի կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրերը, դիմելու անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և ձևաչափը, ընտրության փուլերը. դիմելիս ուսանողը հնարավորություն ունի ընտրել 3-ից 5 բուհ: Ընտրությունն անցկացվում է յուրաքանչյուր տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, ընտրվում են լավագույն ուսանողները: Ընդունելության ձևը կախված է ընտրված բուհի ընդունելության պահանջից: Հատուկ ուշադրություն դարձվեց «Ճարտարապեություն» մասնագիտությամբ ծրագրերին: DAAD-ի ծրագրով իրականացվում են նաև ոչ մասնագիտական ամառային դպրոցներ:

Հանդիպման ավարտին տեղի ունեցան ակտիվ քննարկումներ, ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին գրասենյակի ներկայացուցիչներին և ստացան տեղեկատվական գրքույկներ՝ առաջարկվող ծրագրերին առավել մանրամասն ծանոթանալու համար: DAAD պաշտոնական կայքն է՝ www.daad-georgia.org/hy/:

20.05.24