(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՐԱԿԱՆԱՑԱՎ «ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ԳՈՒՆԵՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ՃՇՀԱՀ-ում կայացավ «Տիկնիկների գունեղ աշխարհում» խորագրով ցուցահանդես-վիճակախաղը, որտեղ ներկայացված էին ՃՇՀԱՀ Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի ղեկավար Իրինա Վանյանի հեղինակային տիկնիկները:

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը: Վերջինս, շնորհավորելով տիկին Վանյանին, ընդգծեց, որ բացի համալսարանական գործունեությունը, տիկին Վանյանը նաև ստեղծագործում է, և մարդիկ տեսնում են նրա արվեստը տիկնիկների տեսքով:

Միջոցառմանը մասնակցում էր նաև համալսարանի ուսանողական խորհուրդը, որը հանդես եկավ երաժշտական համարով:

Իրինա Վանյանը շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին նշեց. «Այս անգամ տիկնիկները պատրաստելիս օգտագործել եմ այլ տեխնիկա և Հայաստանում քիչ կիրառվող նյութ՝ թեթև կավ, որը Ճապոնիայում մեծ տարածում ունի և կիրառում են արդեն տասնյակ տարի: Տիկնիկների մեջ արտահայտված են մարդու տարբեր հուզական աշխարհները. փափուկ են, սակայն կոտրվող չեն և մշտապես կունենան Ձեր ուշադրության կարիքը: Ամփոփելով ցանկանում եմ շնորհավորել նաև կանանց մեկ ամսյակի կապակցությամբ, մաղթելով երջանկություն և բազում հաջողություններ»:

Միջոցառման ավարտին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ իրականացվեց վիճակախաղ և բոլոր ցուցանմուշները վիճակահանության միջոցով դարձան կանանց համար նվերներ:

09.04.24