Ծաղիկներ, փուչիկներ, փոքրիկ թաց աչքեր, հուզված մայրեր: Սեպտեմբերի 1-ն ամեն տարի գալիս է նույն տրամադրությամբ ու նույն խոստումներով:
Այսօր Հայաստանի բոլոր կրթական հաստատություններում հնչեց առաջին զանգը: Օրը տոնական էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում: Այստեղ տրամադրությունը հուզական չէր, առաջին անգամ դպրոց ոտք դնող փոքրիկներ չկային, փոխարենը՝ բարձր գիտակցությամբ, իրենց ապագա ճանապարհը հստակ կանխորոշած 10-րդ դասարանցիներ էին:
Ի թիվս բազմաթիվ հյուրերի և ծնողների՝ շուրջ 769 աշակերտի ողջունելու էին եկել նաև ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը և Գիտական քարտուղար Լևոն Լևոնյանը:
ՀՀ Պետական օրհներգը հնչելուց հետո, աշակերտները հյուրերին ներկայացրեցին իրենց ստեղծագործական հմտությունները, ողջունեցին երգերով ու պարերով: Աշակերտների նորամուտը դպրոց շնորհավորեցին ռեկտոր Գագիկ Գալստյանը և դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանը՝ մաղթելով նրանց լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմությամբ ուսումնմական տարի: