Երկրատեղեկատվական համակարգերը (Geoinformation systems) ստեղծված են բոլոր տեսակի աշխարհագրական տվյալները հավաքելու, պահպանելու, վերլուծելու և դրանք ցուցադրելու համար։ Այլ կերպ կարող ենք ասել, որ ԵՏՀ (GIS) համակարգերը քարտեզագրության, ստատիկ վերլուծության և տվյալների բազայի միաձուլում է։
Ներկայումս մի շարք երկրներում երկրատեղեկատվական տեխնոլոգիաները և համակարգերը լայն տարածում են ստացել, որպես համակողմանի ինտեգրացված տեղեկատվա-տեխնոլոգիական արտադրանք:
Ընդհանուր առմամբ այս տերմինն օգտագործվում է ցանկացած տեղեկատվական համակարգի համար, որը պահպանում, ձևափոխում, վերլուծում, փոխանցում և ցուցադրում է աշխարհագրական տեղեկություններ՝ որոշում կայացնելու համար։
Լայն իմաստով երկրատեղեկատվական համակարգեր հասկացության մեջ են մտնում բազմաթիվ ծրագրային փաթեթներ ու սարքավորումներ, լուսանկարահանող սարքեր, չափագրման գործիքներ, թռչող սարքեր և այլն։
Այնուամենայնիվ, ԵՏՀ տերմինն հիմնականում օգտագործվում է ավելի նեղ իմաստով՝ ԵՏՀ (GIS) գործիք կամ համակարգչային ծրագիր, որը թույլ է տալիս հետազոտել, ձևափոխել և փնտրել թվային քարտեզներ, ինչպես նաև հավելյալ տեղեկություններ իմանալ օբյեկտների հատկանիշների մասին։
ՃՇՀԱՀ-ի Երկրատեղեկատվական կամ Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (ԵՏՀ, ԱՏՀ) կրթական ծրագրի սահմաններում ուսանողները կուսումնասիրեն ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներ, որոնք ունեն տվյալների հավաքագրման, պահպանման, վերլուծության և գրաֆիկական արտապատկերման հնարավորություններ: Դրանք իրենց մեջ ներառում են տվյալների բազայի հետ աշխատող համակարգեր, ռաստերային և վեկտորային պատկերների խմբագրող ծրագրեր, ինչպես նաև վերլուծական մի շարք գործիքներ։
Երկրատեղեկատվական համակարգերը կիրառվում են մի շարք բնագավառներում՝ գեոդեզիայի, քարտեզագրության, շինարարության, երկրաբանության, պաշտպանության, տնտեսագիտության, քաղաքային կառավարման և այլն։
ԵՏՀ (GIS) համակարգերն ըստ տարածքային դասակարգման լինում են.
- միջազգային (global GIS),
- մայրցամաքային,
- ազգային (պետական),
- տարածաշրջանային (regional GIS),
- տեղային (local GIS)։
ԵՏՀ-Ի ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
ԵՏՀ-ը լայն կիրառում ունեն մի շարք բնագավառներում: Դրա կիրառությունը համեմատաբար ավելի մեծ է.
- տրանսպորտի բնագավառում,
- ջրային տնտեսությունում,
- գյուղատնտեսության ոլորտում,
- քաղաքաշինական կադաստրում,
- զբոսաշրջության ոլորտում,
- անշարժ գույքի շուկայի բնագավառում սոցիալ-տնտեսական ոլորտը,
- տնտեսության և ֆինանսների բնագավառը,
- բնապահպանության, ռեսուրսների և բնօգտագործման ոլորտները,
- էներգետիկայի ոլորտը,
- արդյունաբերության ոլորտը,
- կոմունալ տնտեսության ոլորտը,
- գյուղատնտեսության բնագավառը,
- առողջապահության, կրթության և մշակույթի բնագավառները,
- պաշտպանության և անվտանգության ոլորտը.
- սոցիալ-քաղաքական ոլորտը,
- քաղաքական ընտրական գործընթացները: