Ապրիլի 22-ից մայիսի 3-ը Գյումրիում իրականացավ Ֆրանսիայի և Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի բարձրագույն ճարտարապետական դպրոցների ցանցի (REA) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա ուսանողական շաբաթը։ Ծրագրին մասնակցում էին 17 դասախոս և 22 ուսանող՝ Հայաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից և Ուկրաինայից։
Այս տարվա թեման էր՝ «Քաղաքային լքված տարածքներ. սահմանը հնի ու նորացվածի միջև»։ Ուսանողական խմբերը, համագործակցելով միմյանց հետ, հետազոտական և նախագծային աշխատանքներ իրականացրին Գյումրիի տարածքում։ Ուսումնասիրության առանցքում էր ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի «Ջրի էլեգիա» մոդեռնիստական շատրվանը, որի տարածքը դիտարկվել է որպես ուսանողական հետազոտության առարկա։
Ծրագիրը ներառում էր նաև դասախոսական գիտաժողով, նախագծային աշխատարաններ, ճանաչողական այցեր պատմամշակութային վայրեր և հանդիպումներ միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետների հետ։
Համագործակցությունն ընդգծում է ճարտարապետական դպրոցների ուսուցման բազմազան մոտեցումների համադրումը և նպաստում է մասնագիտական, մշակութային ու բարեկամական կապերի խորացմանը։
Հայաստանը վերջին անգամ REA ցանցի համաժողով էր կազմակերպել 2007 թվականին՝ Ջերմուկում։ ՃՇՀԱՀ-ի մասնակցությունը ցանցին նպաստում է միջազգային փորձի փոխանակմանը և համաշխարհային ճարտարապետական կրթական դաշտում հայկական ներկայության ամրապնդմանը։