(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ACI ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ մասնագիտական սեմինար՝ նվիրված ՃՇՀԱՀ-ի և Ամերիկյան Բետոնի Ինստիտուտի (ACI) ուսանողական բաժնի գործունեությանը։ Սեմինարը վարեց հրավիրված դասախոս Արմեն Մարտիրոսյանը, ով ներկայումս համալսարանում դասավանդում է «Շենքերի և կառույցների վերակառուցում» առարկան։

Սեմինարի ընթացքում ներկայացվեց ACI-ի կառուցվածքը, առաքելությունը և գլոբալ ազդեցությունը՝ ընդգծելով տեխնիկական կոմիտեների առանցքային դերը և դրանց միջազգային նշանակությունը երկաթբետոնե կառույցների նախագծման և սեյսմիկ վերականգնման ստանդարտների մշակման գործընթացում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ACI 369 (սեյսմիկ վերականգնում) և ACI 440 (FRP ուժեղացում) կոմիտեների գործունեությանը, ինչպես նաև դրանց կապին ASCE 4123 ստանդարտի հետ, ինչը ուսանողներին հնարավորություն տվեց խորացնելու իրենց գիտելիքները ժամանակակից սեյսմիկ գնահատման և վերականգնման մեթոդաբանությունների ոլորտում։

Սեմինարը կազմակերպվել էր դոկտոր Տիգրան Դադայանի նախաձեռնությամբ, ով հանդիսանում է ՃՇՀԱՀ ACI ուսանողական բաժնի ֆակուլտետային խորհրդատուն և Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի ղեկավարը։ Վերջինս իր խոսքում կարևորեց ուսանողների ակտիվ ներգրավվածությունը միջազգային մասնագիտական համայնքներում, ինչպես նաև նրանց ծանոթացումը համաշխարհային ստանդարտներին և համագործակցության լայն հնարավորություններին։

Մասնակիցները տեղեկացան ACI կոմիտեների նիստերին դիտորդի կարգավիճակով մասնակցելու, առցանց և հիբրիդ ձևաչափերով միանալու, ինչպես նաև ACI-ի համաժողովների, հրատարակությունների և կրթական ծրագրերի միջոցով մասնագիտական կապեր հաստատելու հնարավորությունների մասին։

Սեմինարը դարձավ կարևոր հարթակ փորձի փոխանակման, գիտելիքների ընդլայնման և միջազգային համագործակցության խթանման համար՝ ևս մեկ քայլ առաջ տանելով ՃՇՀԱՀ-ի և ACI-ի գործընկերային հարաբերությունների զարգացումն ու ինժեներական կրթության արդիականացումը։

27.04.26