Ուժի մեջ են մտել քաղաքաշինության ոլորտում կազմակերպությունների լիցենզավորմանը և մասնագետների հավաստագրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները։ Նոր փոփոխությունների համաձայն՝ կազմակերպությունների ինժեներական անձնակազմի պատասխանատու մասնագետները պետք է հավաստագրվեն։ Մասնագետներն ունենալու են 1-3 կարգ։ Բացի այդ ներդրվում է շարունակական մասնագիտական զարգացման համակարգը։
Նոր ստեղծվող կազմակերպությունները լիցենզիա կստանան նոր սկզբունքով, իսկ այն կազմակերպությունները, որոնք արդեն ունեն լիցենզիա, մինչև 2024 սեպտեմբերի 17-ը պետք է դիմեն գործող լիցենզիան, նոր օրենսդրության համաձայն, համապատասխան դասի լիցենզիայով փոխարինելու համար։ Դա չանելու պարագայում, անցումային փուլի ավարտից հետո այն օրենքի ուժով կդադարի գործել։
Թե՛ լիցենզիան, թե՛ մասնագետի հավաստագիրը տրվելու են 5 տարի ժամկետով։
Լիցենզավորման ու հավաստագրման ողջ գործընթացն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։ Ձևավորվելու է կազմակերպությունների և հավաստագրված մասնագետների թվային ռեեստր՝ մշտապես թարմացվող տեղեկատվությամբ։
Բացի այդ, հստակեցվել են նաև քաղաքաշինության ոլորտի սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները: Նոր փոփոխությունների համաձայն՝ պատասխանատվություն են կրելու ոչ միայն կազմակերպությունները, այլև մասնագետները։
Հավաքված ողջ ինֆորմացիայի հիման վրա իրականացվելու է կազմակերպությունների վարկանիշավորում՝ ինքնաշխատ եղանակով՝ բացառելով մարդկային գործոնը:
Մանրամասների համար կարող եք անցել հղումով: