Երեկ՝ հունիսի 28-ին, մեր համալսարան է ժամանել Ֆրանսիայի Տուլոնի համալսարանի պատվիրակությունը՝ վերականգնող ճարտարապետ Ժակ Ռիբերի գլխավորությամբ: 5 հոգանոց ֆրանսիական պատվիրակության այցը մեր երկիր և մեր համալսարան ինչպես ճանաչողական, այնպես էլ աշխատանքային ու հեռանկարային է: Պատվիրակությունը հետաքրքրված է Լոռվա մարզի մշակութային ժառանգությամբ և մեր համալսարանի հետ հավանական համագործակցությամբ:
Եռօրյա այցի առաջին օրը պատվիրակությանն ընդունել է ռեկտոր Գագիկ Գալստյանը: Ողջունելով հյուրերին՝ ռեկտորն ընդգծել է մեր և ֆրանսիական համալսարանների միջև սերտ համագործակցությունը և հույս հայտնել Տուլոնի համալսարանի հետ նույնպես մոտ ապագայում փոխգործակցության եզրեր գտնելու վերաբերյալ:
Այսօր՝ ողջ օրը, Տուլոնի պատվիրակությունը, մեր համալսարանի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ/պ դոցենտ Էմմա Հարությունյանի, ամբիոնի դասախոսներ Արեգ Հասրաթյանի, Հասմիկ Մալխասյանի, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանի, Հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի վարիչ Մարինա Բունիաթյանի և մեր համալսարանի մի քանի շրջանավարտների հետ մասնակցում են ընդհանուր քննարկման: Ֆրանսիացի ճարտարապետները ներկայացնում են իրենց համալսարանի գործունեությունը՝ հուշարձանների վերականգնման ոլորտում, իսկ Մարինա Բունիաթյանը՝ մեր համալսարանի Հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի կատարած աշխատանքները, մասնավորապես, եռաչափ տեխնոլոգիաների կիրառմամբ հայկական ճարտարապետական նմուշների իրական և վերակազմավորման եռաչափ մոդելների ստեղծման վերաբերյալ:
Վաղն արդեն նախատեսված է մեր և Տուլոնի համալսարանների պատվիրակությունների այցը Օձուն և Ախթալա, որտեղ տեղում կծանոթանան պատմամշակութային ժառանգությանը և կկատարեն ուսումնասիրման, չափագրման աշխատանքներ: