(010) 303-300

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԵՐԵՎԱՆ 2025» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Այսօր ՃՇՀԱՀ-ում մեկնարկեց «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն. Երևան 2025» միջազգային գիտաժողովը։

Այս տարի հոկտեմբերի 24-26-ը համալսարանում առաջին անգամ անցկացվում է «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն. Երևան 2025» միջազգային գիտաժողովը։

Միջոցառումը կազմակերպվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ինչպես նաև Տարածաշրջանային գիտության միջազգային և Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիաների հետ համագործակցությամբ։ Գիտաժողովը համախմբել է քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության ոլորտի առաջատար մասնագետների, գիտնականների և փորձագետների աշխարհի տարբեր երկրներից՝ գիտական փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման նպատակով։

Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանի ողջույնի խոսքով․ «Սիրով ողջունում եմ բոլորիդ «Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն. Երևան 2025» միջազգային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս գիտաժողովը մեզ համար պարզապես գիտական միջոցառում չէ․ այն գաղափարների, համագործակցության և առաջընթացի հավաստիքն է։

Այսօր այստեղ հավաքվել են տարբեր երկրների գիտնականներ, ճարտարագետներ, հետազոտողներ և փորձագետներ՝ միասին քննարկելու քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության արդի մարտահրավերներն ու դրանց լուծումները։ Աշխարհի տարբեր երկրներից այսքան մեծ թվով գործընկերների ներկայությունը վկայում է, որ կրթությունն ու գիտությունը բոլոր երկրների ոլորտային առաջընթացի շարժիչ ուժն են և միաժամանակ ծառայում են որպես յուրօրինակ կամուրջ՝ միավորելով գիտական մտքերն ու արժեքները ընդհանուր զարգացման նպատակի շուրջ։ Թող այս գիտաժողովը դառնա ոչ միայն գիտական փոխանակման հարթակ, այլև նոր գործընկերությունների, համատեղ հետազոտությունների և միջազգային համագործակցության շարունակականության սկիզբ»։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանի ռեկտոր Նադեժդա Կամինինան, Կոռնելի համալսարանի քաղաքային և տարածաշրջանային պլանավորման դեպարտամենտի տարածաշրջանային գիտությունների հետբուհական կրթության գծով տնօրեն Ջոն Քարութերսը, Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Անահիտ Հարությունյանը, ինչպես նաև գործընկեր միջազգային բուհերի ռեկտորներ և ներկայացուցիչներ։

Գիտաժողովի ընթացքում նախատեսված են թեմատիկ զեկուցումներ, քննարկումներ, որոնք կանդրադառնան քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտության արդի խնդիրներին, կայուն զարգացման քաղաքականություններին, նոր տեխնոլոգիաներին և միջազգային գիտական համագործակցության հեռանկարներին։

24.10.25