2024 թվականի սեպտեմբերի 12-ից ՃՇՀԱՀ-ում մեկնարկել է «Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն» վերաորակավորման կրթական ծրագիրը, որը հաջողությամբ ավարտվել է նախորդ շաբաթ։ Դասընթացին մասնակցել են 12 մասնագետներ, որոնք ունեն բարձրագույն կրթություն հիդրոտեխնիկական կառույցների, ջերմագազամատակարարման և օդափոխության կամ ավտոճանապարհների շինարարության ոլորտներում։
Վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխությունները պահանջում են, որ քաղաքաշինության բնագավառում պատասխանատու մասնագետների բարձրագույն կրթությունը լիովին համապատասխանի իրենց մասնագիտական գործունեության ոլորտին։ Օրինակ՝ ավտոճանապարհների շինարարության լիցենզիա ունեցող կազմակերպությունները պետք է պարտադիր ունենան առնվազն մեկ պատասխանատու մասնագետ, որը ուսանել է «Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ» կրթական ծրագիրը։ Միևնույն ժամանակ, նման կրթություն ստացած մասնագետներին տրվել է հնարավորություն վերաորակավորվելու՝ անցնելով «Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն» ծրագիրը։ Սա նրանց թույլ կտա աշխատել բնակելի, հասարակական և արտադրական կառույցների շինարարության լիցենզիա ունեցող կամ նման լիցենզիայի համար դիմող կազմակերպություններում։
Ծրագիրը բաղկացած էր 11 դասընթացներից, որոնք մասնակիցները բարեհաջող ավարտեցին։ Հավաստագիր ստանալու համար նրանք պետք է մասնակցեն նաև շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներին։
Վերաորակավորման ծրագիրն ավարտող մասնագետները ստացան իրենց վկայականները, ինչը նրանց նոր հնարավորություններ է ընձեռում ոլորտում։