(010) 303-300

ՏՈՒՐԻԶՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Տուրիզմի միջազգային օրվա շրջանակներում Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները ՃՇՀԱՀ Շրջակա միջավայրի կառավարման, տուրիզմի և սերվիսի ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Հայրյանի ուղեկցությամբ այցելեցին Գյումրի՝ Հայաստանի մշակութային քաղաքներից մեկը։

Ուսանողները ուսումնասիրեցին քաղաքի տուրիստական ենթակառուցվածքը։ Այցելեցին երեք խորհրդանշական թանգարաններ՝ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Մհեր Մկրտչյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները։ Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված այցելության ընթացքում թանգարանի զբոսավարը ներկայացրեց վարպետի քնարերգության առանձնահատկությունները, նրա կյանքի հետաքրքիր դրվագները։ Ուսանողները նույնպես դարձան մշակութային միջոցառման մասնակից՝ ասմունքելով մեծանուն գրողի ստեղծագործություններից։

Էքսկուրսիայի ընթացքում նրանք եղան նաև Գյումրիի խորհրդանշական եկեղեցիներում՝ Սուրբ Յոթ վերք, Սուրբ Նշան և Սուրբ Ամենափրկիչ։

Դասախոսը ներկայացրեց էքսկուրսիա վարելու մեթոդիկան՝ ուշադրություն դարձնելով ինչպես պատմամշակութային արժեքների ճիշտ մատուցմանը, այնպես էլ տուրիստական խմբի հետ հաղորդակցման կարևորություններին։

Այս այցը ուսանողների համար դարձավ ոչ միայն մասնագիտական ուսուցման մի մաս, այլև անմիջական շփում հայկական մշակույթի, պատմության և հոգևոր ժառանգության հետ։

09.10.25