(010) 303-300

Տեղի ունեցավ ՃՇՀԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր Երևանի քաղաքապետ, ՃՇՀԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Այցի նպատակը 2016թ-ի ընթացքում իրականացված աշխատանքներին ծանոթանալը և տարեվերջյան նիստին մասնակցելն էր:

Այցի ընթացքում Տարոն Մարգարյանը՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեց համալսարանում, ծանոթացավ նորաստեղծ լաբորատորիաներին, արվեստանոցներին և այնտեղ ծավալվող գործունեությանը:

Ներկայացնելով համալսարանում վերջին տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝ ռեկտոր Գալստյանը նշեց, որ ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներն ու արվեստանոցները լուրջ խթան են կրթության որակի բարձրացման և ուսանողների մասնագիտական առաջընթացի համար:

Շրջայցից հետո, նիստերի նորաբաց դահլիճում տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը, որը վարեց խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նիստի ընթացքում ներկայացվեց 2016թ-ի հաշվետվությունն ու 2017թ-ի բյուջեն, որը հավանության արժանացավ և հաստատվեց խորհրդի կողմից:

Եզրափակելով նիստը՝ Տարոն Մարգարյանը ողջունեց ընթացիկ տարում իրականացված բոլոր բարեփոխումները՝ շնորհակալություն հայտնելով համալսարանի ողջ աշխատակազմին՝ ծավալուն աշխատանքի համար:

Տոներին ընդառաջ՝ քաղաքապետը շնորհավորեց համալսարանի ողջ աշխատակազմին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ և մաղթեց, որ գալիք տարին լինի նորանոր հաջողությունների և ձեռքբերումների տարի:

20.12.16