(010) 303-300

Վարպետության դասեր (DesIRE) ծրագրի շրջանակում

ՏԵՄՊՈՒՍԻ միջազգային նախագծի «Ինովացիոն վիրտուալ մոտեցումների կիրառմամբ ներկառուցվող համակարգերի վերաբերյալ դասընթացների մշակումը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում գիտության, կրթության և արդյունաբերության ինտեգրման համար»  (DesIRE) ծրագրի շրջանակում ս/թ մայիսի  23-ից  27-ը  ԻՀՏԿՀ  ամբիոնին կից լաբորատորիայում անց են կացվել վարպետության դասեր: Վերոնշյալ դասերին մասնակցել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի մի շարք դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի հետազոտող ճարտարագետներ և այլ համալսարանների դասախոսներ ու ուսանողներ:

Եռօրյա վարպետության դասերի ընթացքում Բելգիայի (Դիրկ Վան Մերոդ, Թոմաս Մոր համալսարան և քոլեջ), Սլովակիայի (Ալենա Հասկովա և Վիերա Տոմկովա, Սլովակիայի Կոնստանտին Փիլիսոփայի անվ. համալսարան), Ուկրաինայի (Գալինա Տաբունշչիկ, Զապորոժիեի ազգային տեխնիկական համալսարան) և Վրաստանի (Իա Մոսաշվիլի, Վրաստանի տեխնիկական համալսարան) գործընկեր համալսարանների փորձագետները ներկայացրեցին գործնական գիտելիքներ VHDL ծրագրավորումից, Raspberry Pi-ի և Arduino-ի կիրառման հնարավորություններից ու տեխնիկական կրթության ոլորտում դասավանդողի իրազեկությունների գնահատման մեթոդներից:

Սույն դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքները, կարողություններն ու հմտությունները հնարավորություն կընձեռեն մասնակից դասախոսներին և ուսանողներին կիրառել ծրագրի շրջանակում ստացված համապատասխան սարքավորումները կրթական նոր ծրագրում 2016-2017 ուսումնական տարում:

30.05.16