ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մշտապես կարևորում է համալսարան-շրջանավարտ կապի շարունակականությունը, քանզի աշխատաշուկայում իրենց ուրույն տեղն ու ձեռագիրն ունեցող ճարտարապետների հետ համալսարանի փոխգործակցությունը շահավետ է երկուստեք:
Այս նպատակին էր ուղղված համալսարանում կայացած հանդիպումը, որին հրավիրված էին երկրի առաջատար ճարտարապետական արվեստանոցների, նախագծող ստուդիաների ղեկավարներ և անհատ ճարտարապետներ՝ համալսարանի հետ համագործակցության հնարավոր եզրագծերը քննարկելու նպատակով:
Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Շատվորյանը այս նախագիծ-քննարկումն աննախադեպ որակեց այն տեսանկյունից, որ մեր համալսարանի՝ արդեն կայացած շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվում մասնակից լինել հարազատ բուհի բարեփոխումներին և աջակցել ճարտարապետ ուսանողներին ինչպես խորհուրդներով ու փորձի փոխանակմամբ, այնպես էլ հետագայում աշխատանքի տեղավորման խնդրով:
Հանդիպման ընթացքում համալսարանի և հրավիրված ճարտարապետների խումբը քննարկեցին այն բոլոր մեխանիզմները, որոնք հնարավոր և արդյունավետ կդարձնեն համագործակցությունը: Արմեն Շատվորյանը նշեց, որ նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կկազմակերպի և կկարգավորի ուսանող-մասնավոր հատված կապը՝ ներառելով տվյալ արվեստանոցում ուսանողների՝ հստակ ժամանակացույցով ուսումնական պրակտիկաները, փորձի, ոլորտային ու մասնագիտական տեղեկատվությամբ փոխանակումները, վարպետության դասերը:
Ներկաներն ընդգծեցին, որ այս կարևոր, հեռանկարային և արդյունավետ նախագծի քննարկման փուլին կհաջորդի որոշումը՝ արդեն հուշագրի կամ պայմանագրի տեսքով: