Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված նիստ, որին ներկա էին ինչպես մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, այնպես էլ շինարարության և սեյսմոլոգիայի ոլորտների ներկայացուցիչներ:
Նիստի կազմակերպման հիմնական նպատակը ՃՇՀԱՀ-ի «Շինարարական մեխանիկայի» ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր, տ.գ.դ., պրոֆեսոր, «Սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերի» հեղինակային խմբի ղեկավար Էդուարդ Խաչիյանի «Սպիտակի երկրաշարժը» գրքի շնորհանդեսն էր:
Որո՞նք էին երկրաշարժի առաջացման պատճառները, ո՞ր քաղաքներում երկրաշարժն ի՞նչ ուժգնություն է ունեցել, ո՞ր շենքերն են առավել դիմակայել, ինչպիսի՞ գեոտեխնիկական հետևանքներ է թողել երկրի մակերևույթ վրա և, վերջապես, ի՞նչն էր այդքան փլուզումների և զոհերի պատճառը:
Թվում է՝ 30 տարի շարունակ հնչող հարցերն այլևս ունեն իրենց պատասխանները, սակայն, «Սպիտակի երկրաշարժը» գիրքը հանգամանորեն և գիտական վերլուծություններով է ներկայացնում 88թ-ի երկրաշարժի պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև այդ օրերին Հայաստանին մատուցված օգնությունը, օտար երկրների կողմից կառուցված շենք-շինությունները:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց պրոֆեսոր Խաչիյանը՝ հսկայածավալ փլուզումների պատճառը սեյսմակայուն շինարարական նորմերի ոչ ճիշտ գնահատումն էր: Նրա խոսքերով՝ երկրաշարժը ցույց տվեց, որ իրական վտանգը 2-4 անգամ ավելի էր, քան հաշվի էր առնված նախագծման ժամանակ: Գրքում անդրադարձ կա նաև երկրաշարժի հավանական կանխատեսումներին, որոնց շուրջ կարծիքները հակասական են: Հեղինակի խոսքով՝ երկրաշարժին դիմակայելու լավագույն լուծումը որակյալ և սեյսմակայուն շինարարական նորմերին համապատասխան շենքերի կառուցումն է. «Չէ՞ որ մարդիկ զոհվում են ոչ թե երկրաշարժի, այլ շինության փլուզման հետևանքով»՝ նշված է գրքում:
Էդուարդ Խաչիյանը նկատեց, որ երկրաշարժին պատրաստ լինելու և հնարավորին քիչ վնասներ կրելու գործում մեծ դերակատարում ունի նաև մարդը՝ այն առումով, որ, անտեսելով շենքի, բնակարանի նախագիծը, սեփական նախաձեռնությամբ անթույլատրելի ձևափոխություններ է անում, անտեսում է ներքին պատերի աննշան թվացող ճաքերն ու տարատեսակ վնասվածքները:
Շատ երկրներում երկրաշարժին և պատերազմին պատրաստվում են նույն խստությամբ ու զգոնությամբ: Փորձը ցույց է տալիս, որ այս մեթոդն առավել արդյունավետ է, քան կիսաճշմարիտ կանխատեսումների արդյունքում և խուճապի մթնոլորտում մարդկանց հապշտապ տարհանումը: