Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի կազմակերպած «Սառնամատակարարման համակարգերը և աշխատանքի հեռանկարները» թեմայով գիտատեխնիակական սեմինարը:
Սեմինարը վարում էր Իրանի Իսլամական Հանրապետության «Tabadol-Kar» ընկերության համասեփականատեր և տնօրեն, ինժեներների համար նախատեսված կրթական ծրագրերի հեղինակ Զարեհ Անդջերղոլին: Մասնակիցների շարքերում ոչ միայն ոլորտի պրոֆեսիոնալներ էին, այլև ՃՇՀԱՀ-ի ուսանողներ, մասնագիտացման վաղ փուլում գտնվող անձինք:
Սեմինարը սկսվեց Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանի ողջույնի խոսքով, ով, կարևորելով զեկույցի թեման ոլորտի մասնագետների համար, շնորհակալություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցության շրջանակներում նման գիտական և կրթական ծրագրերի իրագործման համար:
Սեմինարի ընթացքում զեկուցող Զարեհ Անդջերղոլին ներկայացրեց սառեցման համակարգերի ստեղծման պատմությունը, միջազգային և հայկական ընկերությունների փորձը տվյալ ոլորտում, ինչպես նաև աշխատանքային հնարավորությունների և մասնագետների պահանջարկի մասին:
Պարոն Անդջերղոլուն հարցեր հղեցին տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Պետրոսյանը, ՋԳՄՕ ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Քարամյանը, «Վենջ» ընկերության հիմնադիր, տնօրեն Սուրեն Կարապետյանը։ Վերջիններս իրենց խոսքում անդրադարձան հայկական շուկայում սառնամատակարարման համակարգերի առկայությանը, համալսարանի դերին՝ որակյալ մասնագետներ կրթելու գործում։ Պատասխանելով ներկաներին՝ զեկուցողը կարևորեց համալսարան- ուսանող- գործատու փոխհամագործակցությունը՝ համոզված լինելով՝ միայն համագործակցության շրջանակներում է հնարավոր ոլորտին տալ անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին տիրապետող մասնագետներ։
Ճարտարապետ Արմեն Մինասյանն էլ խոսեց մասնագետների ցանցի ստեղծման անհրաժեշտության մասին՝ համարելով համալսարանը վերջինիս բջիջը։
Որպես ամփոփում՝ զեկուցող Զարեհ Անդջերղոլին հորդորեց հետաքրքրված անձանց շատ կարդալ և շարունակաբար ուսումնասիրել շուկան և գլխավորը՝ սիրել այն, ինչով զբաղվում են։
-Միայն այս պարագայում կկարողանանք նշանակալի հաջողություններ գրանցել,- նշեց Անդջերղոլին։