Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հյուրընկալվեց Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պատվիրակությունը։ Պատվիրակությունն առաջնորդում էր համալսարանի պրոռեկտոր Սվետլանա Գալավինան, իսկ կազմում էին կրթական ծրագրերի որակի ապահովման ծառայության պետ Նատալյա Գալավինան և Տրանսպորտային համակարգերի, ճանապարհների, կամուրջների և շինարարական աշխատանքների ամբիոնի վարիչ Ստանիսլավ Եվտյուկովը։
Այցի հիմնական նպատակն էր՝ երկու համալսարանների միջև համագործակցության պայմանագրի շրջանակում ճանապարհային քարտեզի ձևակերպումը և ստորագրումը, որով հստակեցվել են մինչև 2028 թվականը իրականացվելիք համատեղ գործողությունները։ Այս փաստաթղթով սահմանվել են համագործակցության կոնկրետ ուղղություններ՝ մասնագիտական կրթության, գիտահետազոտական ծրագրերի, ինչպես նաև ուսանողական և ակադեմիական փոխանակումների ոլորտներում։
Ճանապարհային քարտեզում առանցքային տեղ է հատկացվել գիտական համագործակցությանը, ներառյալ փոխադարձ մասնակցությունը միջազգային գիտաժողովներին և համատեղ գիտական ծրագրերի իրականացումը:
Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը հանդես է գալիս համակազմակերպչի կարգավիճակով՝ հոկտեմբերին կայանալիք միջազգային գիտաժողովում, իսկ արդեն երկու հայտնի գիտնականներ ընդգրկվել են գիտաժողովի գիտական խորհրդում։
Ճանապարհային քարտեզը նաև ներառում է համագործակցություն ամառային դպրոցների, ճարտարապետության, շինարարության և դիզայնի ոլորտում իրականացվող պրակտիկ աշխատանքների շրջանակում։ Մասնավորապես, նախատեսվում են համատեղ նախաձեռնություններ ճանապարհաշինության և ավտոճանապարհների թվայնացման ուղղությամբ։
Երկու կողմերն էլ ընդգծեցին նմանատիպ համագործակցության կարևորությունը՝ վերահաստատելով իրենց պատրաստակամությունը մասնակցելու առաջիկա ամառային դպրոցներին և գիտաժողովներին՝ փոխադարձ փորձի և գիտելիքի խորացման նպատակով։