(010) 303-300

ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ «ՎԵՆԵՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ» ՀԱՂԹՈՂ

«Վեներա Մարգարյանի անվան կրթաթոշակը» արդեն չորրորդ տարին անընդմեջ տրվում է ՃՇՀԱՀ ինժեներական գեոդոզիայի ամբիոնի գեոդեզիական առարկաներից ամենաբարձր միջին որակական գնահատական ունեցող ուսանողին։

Վեներա Մարգարյանը Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը ղեկավարել է 2012-2015 թթ, եղել է հարգարժան պրոֆեսոր և  նաև իր նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ ամբիոնը տալիս է այնպիսի շրջանավարտներ, որոնք առանց որևէ դժվարության իրենց տեղն են գտնում աշխատաշուկայում: 

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:  Միջոցառմանը ներկա էին ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, ռեկտորի խորհրդական Սուրեն Հովսեփյանը,  Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը, Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի աշխատանքները համակարգող Սամվել Կրոյանը, ամբիոնի դասախոսները և հաղթող ուսանողի համակուրսեցիները։  

Միջոցառման սկզբում Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանն հայտնեց կրթաթոշակը հաղթող ուսանողի անուն-ազգանունը՝ Շինարարության ֆակուլտետի «Ինժեներական գեոդոզիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Սամվել Հովհաննիսյան։ Այնուհետև Վեներա Մարգարյանի քրոջ՝ Ռուզաննա Մարգարյանի հետ  կրթաթոշակը հանձնեցին հաղթող ուսանողին:

Պարոն Սահակյանը, ողջունելով ներկաներին, ասաց․ «Շատ ուրախ եմ, որ գտնվում եք համալսարանում։ Անցած տարի ես առաջին անգամ էի ներկա արարողությանը և շատ ոգևորված էի, քանի որ տիկին Մարգարյանը մասնագիտական մեծ ուղի է անցել, մեծ վաստակ է թողել մեր համալսարանին, մեր պետությանը, և այսօր իր չլինելուց հետո էլ ամեն ինչ շարունակվում է: Կրթությունը հնարավոր չէ միայն համալսարանով ապահովվել․ այն սկսում է դաստիարակությունից, այնուհետև անցնում է դպրոց, բուհ։ Այսօր մենք տեսնում ենք, որ տիկին Մարգարյանը ամեն ինչ արել է կրթության զարգացման համար»։

Ապագա գեոդեզիստ Սամվել Հովհաննիսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մրցանակի համար՝ հայտնելով,  որ որոշել է դրամական խրախուսումը փոխանցել «Զինվորի տուն» բարեգործական հիմնադրամին:

ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանի և անձամբ իր անունից շնորհավորեց կրթաթոշակակիր ուսանող Սամվել Հովհաննիսյանին և շնորհակալություն հայտնեց տիկին Մարգարյանի ընտանիքի անդամներին «Վեներա Մարգարյանի անվան կրթաթոշակի»   գաղափարը շարունակական  դարձնելու համար։ «Համալսարանը միշտ աջակցում ու խրախուսում է իր սաներին՝ անկախ իրենց թե՛ լսարանային, թե՛ արտալսարանային պայմաններում ստացած ձեռքբերումներից։ Շատ եմ  կարևորում, երբ մեր ուսանողները իրենց ձեռբերումները կարողանում են կիսել․ անցած տարի հաղթող ուսանողն իր հաղթանակը կիսեց իր մրցակից ընկերների հետ, այս տարի մեր ուսանողը որոշեց իրեն հատկացված գումարը  նվիրաբերել «Զինվորի տանը»․ սա է այն հույսն  ու հավատը, որ թույլ չի տալիս մեզ կոտրվել։ Մենք պետք է վստահ լինենք, որ նոր սերունդը ավագների թողած ժառանգությանը տեր կկանգնի։ Մեր ուսանողությունը ցույց է տալիս, որ հաղորդակից է տիկին Մարգարյանի գիտական նվաճումներին»,− ընդգծեց պարոն Հովեյանը:

Ռուզաննա  Մարգարյանը, ընտանիքի անունից շնորհավորելով հաղթող ուսանողին, շնորհակալություն հայտնեց համալսարանին՝ տիկին Մարգարյանի հիշատակը միշտ վառ պահելու համար։ «Ես շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս արարողությանը, ցանկանում եմ, որ դուք միշտ բարձր պահեք իր պատիվը, քանի որ ինքը հպարտանում էր դասախոսական կազմով, իր ընկերներով ու ուսանողներով: Ես ցանկանում եմ, որ ուսանողները միշտ ունենան միայն ու միայն կանաչ ճանապարհ, կարողանան ստանալ այնպիսի գիտելիքներ, որ նպաստեն հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը»,−եզրափակեց տիկին Մարգարյանը։

 

14.10.22