Մարտի 4-10-ը Գերմանիայի Ռեգենսբուրգի կիրառական գիտությունների համալսարանում էր գտնվում ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ/պ դոցենտ Էմմա Հարությունյանը: Գործուղման նպատակը՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող Յակոբուս + 23-րդ ամենամյա ուսանողական նախագծային մեկնարկային շաբաթին մասնակցությունն էր:
Աշխատանքային շաբաթին մասնակցում էին Իսպանիայի Կորունիայի, Գերմանիայի Ռեգենսբուրգի և մեր համալսարանների ու Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերրանի բարձրագույն ճարտարապետական դպրոցի ուսանողներ: Թվով 58 ուսանողի համար քննարկման թեմա է եղել արդյունաբերական և պատմական հուշարձան համարվող Ռեգենսբուրգի հացահատիկի շտեմարանի համալիրը, որն ապագայում դադարեցնելու է իր հիմնական գործունեությունը: Ուսանողների առջև խնդիր է դրված եղել առաջարկել համալիրի օգտագործման՝ ճարտարապետական և բովանդակային նոր մոտեցումներ:
Ողջ շաբաթվա ընթացքում ուսանողներն այցելել են տարածք, ծանոթացել առաջադրանքին և 11 խմբերում մշակել իրենց առաջարկներն ու հայեցակարգերը: Ուսանողները դասախոսներին են ներկայացրել իրենց մտահղացումներն ու մեկնաբանություները և ստացել մասնակցության վկայագրեր: