(010) 303-300

ՋՈՆ ՔԱՐՈՒԹԵՐՍԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՃՇՀԱՀ

«Քաղաքացիական և շրջակա միջավայրի ճարտարագիտություն. Երևան 2025» միջազգային գիտաժողովի շրջանակում Երևան է ժամանել Նյու Յորքի Կոռնելի համալսարանի քաղաքային և տարածաշրջանային պլանավորման դեպարտամենտի տարածաշրջանային գիտությունների հետբուհական կրթության գծով տնօրեն, միջազգային հեղինակավոր Growth and Change գիտական հանդեսի գլխավոր խմբագիր Ջոն Քարութերսը։

Ջոն Քարութերսը այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան և հանդիպել համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են համալսարանի գործունեության, միջազգային կապերի և գիտական միջավայրի զարգացման ուղղությունների մասին։

Ռեկտոր Մանուկ Բարսեղյանը նշել է․«Ուրախ ենք ՃՇՀԱՀ-ում հյուրընկալել Ձեզ նման  բարձր մակարդակի գիտնականի։ Ձեր ներկայությունը մեծ կարևորություն ունի մեր ուսանողների և գիտաշխատողների համար՝ որպես գիտական մտածողության և միջազգային փորձի յուրացման արժեքավոր հնարավորություն»։

Ջոն Քարութերսը հանդիպել է նաև համալսարանի ասպիրանտների, գիտաշխատողների և ուսանողների հետ:

Գիտաժողովին ընդառաջ հոկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին, ՃՇՀԱՀ-ի 2023 դահլիճում, Ջոն Քարութերսը կանցկացնի վարպետաց դաս՝ «Հետազոտական աշխատանք, գիտական հրատարակություն և կարիերայի ձևավորում. արգասաբեր արդյունքների հասնելու ռազմավարություններ» թեմայով։

Վարպետաց դասը նախատեսված է մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների, ինչպես նաև երիտասարդ հետազոտողների և գիտաշխատողների համար։ Մանրամասների համար անցեք հետևյալ հղումով։

 

21.10.25