Օրեր առաջ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնը մեծ հանդիսությամբ նշեց հիմնադրման 70 ամյակը:
Հոբելյանական միջոցառման հաշվետվությունը ներկայացնելու, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգը, հանձնաժողովի կազմը և աշխատակիցների ներքին կարգապահության կանոնների նախագիծը քննարկելու նպատակով ամբիոնը նիստ էր հրավիրել:
Բացի օրակարգային հարցերից՝ նիստին քննարկման ենթարկվեց նաև վերջին օրերին շրջանառվող ամենահրատապ թեման՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի հավանական վերընտրման հարցը: Ամբիոնի աշխատակիցները, նախ, իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին ռեկտոր Գալստյանին՝ 70 ամյակին նվիրված միջոցառմանը սատարելու և ամբիոնի գործառույթների նկատմամբ մշտական հոգածության համար:
Այն, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը նախորդ 5 տարիներին զարգացման ու բարգավաճման ակնհայտ և անհերքելի ճանապարհ է անցել, փաստեցին նիստի բոլոր ներկաները: Նրանք նկատեցին, որ Գագիկ Գալստյանը խորությամբ է հասկանում ու պատկերացնում ամբիոնի պատրաստած մասնագետների կարևորությունը երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, ինչի ապացույցն է, իր իսկ նախաձեռնությամբ, ամբիոնի մասնագիտական լաբորատորիաների հիմնանորոգումն ու տեխնիկապես վերազինումը: Հենց Գագիկ Գալստյանի աջակցությամբ է, որ համագործակցային բանակցություն է ընթանում Մոսկվայի Գուպկինի անվան Նավթի ու գազի ինստիտուտի հետ, ինչն, անխոս, նոր ու հավակնոտ հնարավորություն է ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման ու մասնագիտական ձեռքբերումների համար:
Նիստի մասնակիցները ընդգծեցին նաև Գագիկ Գալստյանի մարդկային բարձր հատկանիշները, համալսարանի յուրաքանչյուր անդամի նկատմամբ ջերմ ու հոգատար վերաբերմունքը, որոնք բուհի ղեկավարի դրական նկարագրի կարևորագույն նախապայմաններն են: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ ամբիոնը որոշել սատարել Գագիկ Գալստյանի թեկնածությունը և միաձայն ցանկություն հայտնեց համալսարանի ռեկտորի պաշտոնում կրկին տեսնել հենց Նրան: