(010) 303-300

ՊՐՈՖԵՍՈՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՃՇՀԱՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ

Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը Գիտական խորհրդի որոշմամբ պարգևատրվեց ՃՇՀԱՀ ոսկե մեդալով՝ համալսարանում բազմամյա բեղմնավոր, գիտամանկավարժական գործունեության, ինժեներական կադրերի պատրաստման գործում ներդրած ավանդի և ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Ոսկե մեդալը պրոֆեսորին հանձնեց ռեկտոր Եղիազար Վարդանյանը ռեկտորատի պաշտոնական նիստում: Ռեկտորը իր խոսքում նշեց, որ ցանկանում է առաջին հերթին ոչ թե շնորհավորել այլ շնորհակալություն հայտնել պրոֆեսորին իր կատարած թե՛ գիտական, և թե՛ ուսումնամանկավարժական բեղուն գործունեության համար, հավելեց «Դուք համարվում եք մեր համալսարանի հիմնաքարերից մեկը և մեծ պատիվ ու մեծագույն հաճույք է տեսնել Ձեր ամենօրյա աշխատանքը համալսարանի պատերի ներսում»:
Պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը իր երկարամյա գործունեության ընթացքում ստեղծել է 100-ից ավել գիտական աշխատանք, այդ թվում 12 գյուտ: Հեղինակել է 1 մենագրություն «Հիդրավլիկական հարված և խողովակաշարերի պաշտպանություն», 1 դասագիրք և 1 ձեռնարկ՝ ոռոգման համակարգի շահագործող անձնակազմի համար, ինչպես նաև հեղինակել է բազմաթիվ մեթոդական աշխատանքներ:
Ալբերտ Մարգարյանը արժանացել է պետական պարգևների. ԽՍՀՄ Ալժիրի Հանրապետության դեսպանի պատվոգրի, ՀՀ գիտական կոմիտեի ոսկե մեդալի, ԼՂՀ նախագահի Անանիա Շիրակացի մեդալի, ՃՇՀԱՀ ոսկե մեդալի: Պրոֆեսորի գիտահետազոտական աշխատանքները հիմնականում ուղղված է ճնշումային համակարգում կաթիլային հեղուկի ոչ ստացիոնար շարժման, մասնավորապես, հիդրավլիկական հարվածի, ուսումնասիրությունը և խողովակաշարերի պաշտպանության միջոցառումների մշակումանը: Պրոֆեսորի նախագծով է կառուցվել դիմհարային փականի բնօրինակը, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի կենսագազի տեղակայման նախագծումն և կառուցումը, նա եղել է նաև շատրվանող հորերի ջրաչափության նոր եղանակի ստանդարտավորման հեղինակ, ջրաչափական հանգույցների նախագծման և տեղադրման խմբի ղեկավար, երկփողրակային հիդրոտուրբինների նախագծման և կառուցման աշխատանքների ղեկավար, Էլեգիս-7 ՓՀԷԿ-ի նախագծման ղեկավար, ինչպես նաև մասնակցություն է ունեցել շատ ու շատ ծրագրերի և իրականացրել տարբեր գիտահետազոտական աշխատանքներ:
Գիտական գործունեությանը զուգահեռ Ալբերտ Մարգարյանը՝ որպես դասախոս, ինժեներ և ամբիոնի վարիչ, իր փորձն ու գիտելիքը հաղորդել է նոր սերնդին՝ նպաստելով նրանց կրթությանն ու զարգացմանը:
24.01.24