(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍ

Պատերազմը դաժան ուսուցիչ է: Եթե ընկերասիրության, պատասխանատվության, հավատի ու հայրենասիրության մասին պատկերացում կազմելու համար պիտի հարյուրավոր հաստափոր գրքեր կարդաս, ապա պատերազմի դաշտում այդ ամենը սերտում ես օրերի ընթացքում, այն էլ՝ գործնականում:

Անհնար է խոսքերով փոխանցել այն ցավն ու անզորությունը, երբ տեսնում ես, թե ինչպես է կրակն անխնա կուլ տալիս ընկերոջդ կյանքը, իսկ դու նրան ոչնչով օգնել չես կարող: Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա ֆակուլտետի հեռակա համակարգով 3-րդ կուրսի ուսանող Մուրադ Աբրահամյանն Արցախի թեժ գծերում է եղել պատերազմի առաջին օրվանից մինչև վերջին օրը: Անպատմելի ցավով է հիշում այն բոլոր պահերը, երբ սեփական աչքերով է տեսել վիրավորված, անդամալույծ զինվորների և պատկերացրել, որ մեկ րոպե հետո ինքն էլ կարող է նույն վիճակում հայտնվել. ՙԵվ այդ ցավից, թշնամու անգթությունից միանգամից մի քանի տարով մեծանում ես ու հասունանում ՚, — ասում է Մուրադը՝ ավելացնելով, որ այդ պահից որոշում ես ամեն գնով ողջ մնալ և Աստծո կամքով ընտանիքիդ հասնել: Իսկ դրա համար կարևոր է համարում զգուշությունը և, իհարկե, ճակատագիրը: Հիմա ավելի է սառնասիրտ ու զգուշավոր է դարձել, կարողանում է դեպքերին առավել իրատեսորեն արձագանքել:

Ռաֆիկ Հարությունյանն ու Հարություն Մայիլյանը, ովքեր հեռակա համակարգով ավարտական կուրսի ուսանողներ են, Ապրիլյան քառօրյայի պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայողներ են եղել: Նորից պատերազմ էր, բայց համեմատելու ոչ մի եզրեր չեն գտնում: Ռաֆիկն առաջին իսկ օրը վիրավորում է ստացել, խոստովանում է, որ մարտի դաշտ մեկնելուց առաջ ՙկռիվ-կռիվ՚ ես պատկերացնում, ուզում ես կրակի հետ ուժերդ փորձել, բայց տեղում պատկերացումներդ գլխիվայր շուռ են գալիս: Իսկ Հարությունը, ով Հայրենիքի պաշտպանության համար կռիվ է տվել Կապանի շրջանի Դավիթ Բեկ գյուղում, պատմում է, որ թշնամին ավելի սադրող ու սպառնացող է, քան կռվող: Գյուղի քանիցս հրետակոծությունը դրա ապացույցն է. ՙՆրանք անընդհատ ուզում էին ցույց տալ, որ Հայաստանը նույնպես ապահովագրված չէ, որ Հայաստանի բնակիչներին նույնպես վտանգ է սպառնում: Այդպիսի տպավորություն էր ստեղծվում՚:

Շուրջ 10-ն օր նույն Դավիթ Բեկ գյուղում է գտնվել նաև 4-րդ կուրսեցի Սերյոժա Պետրոսյանը, ում համար պատերազմի ընթացքը որքան էլ արյունոտ ու ցավոտ, բայց ավելի հերոսական, հիշվող ու պանծալի է եղել…

 

04.12.20