Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Սաբինա Նովակովան այցելեցին ՃՇՀԱՀ: Հյուրերին դիմավորեցին համալսարանի ղեկավար կազմը՝ ռեկտոր Եղիազար Վարդանյանի գլխավորություն: Սկզբում իրականացվեց շրջայց համալսարանում: Հյուրերը ծանոթացան համալսարանի հնարավորություններին, այցելեցին մասնագիտական լաբորատորիաները: Հաջորդիվ տեղի ունեցավ քննարկում ՃՇՀԱՀ նիստերի դահլիճում:
ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը ողջունելով հյուրերին ներկայացրեց բուհի գործունեությունը և համագործակցությունները. «Մեր համալսարանը հանդիսանում է մի շարք միջազգային համալսարանական կոնսորցիումների անդամ: Չեխիայի բուհերի և կազմակերպությունների հետ համագործակցության սկիզբը դրվել է Օստրավայի տեխնոլոգիական համալսարանում 2014թ. «Ճարտարապետություն և շինարարություն. արդի հիմնախնդիրներ» 6-րդ միջազգային գիտաժողովը համատեղ կազմակերպելով և անցկացնելով: Մեծապես կարևորում եմ Չեխիայի գործընկեր կազմակերպությունների հետ ակադեմիական և գիտական համագործակցության ընդլայնումը և Ձեր միջնորդությամբ պատրաստ ենք է՛լ ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները»,- նշեց պարոն Վարդանյանը:
Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը իր ելույթը սկսեց շնորհակալական խոսքով. «Պետք է խոստովանեմ, որ մինչև համալսարան այցելելը բավականին տեղեկացվել էի համալսարանի մասին, բայց այն ինչ այսօր տեսա, բավականին տպավորիչ էր, ես վստահ եմ, որ ձեր համալսարանը ունի բոլոր հնարավորությունները՝ Չեխիայի համալսարանների հետ համագործակցելու համար, և հայտնում եմ իմ պատրաստակամությունը ամեն կերպ աջակցել այդ հարցում: Շատ եմ կարևորում նորարարությունը և գիտահետազոտական աշխատանքը: Տեսնելով ձեր համալսարանի ակտիվ գործունեությունը միջազգային ասպարեզում, առաջարկում եմ մասնակցել մեր երկրում գործող հիմնադրամների կողմից հայտարարված գիտական, նորարարական, դրամաշնորհային և այլ մրցույթներին, որտեղ վստահ եմ, դուք նույնպես կունենաք հաջողություններ»,- նշեց պարոն Պետր Պիրունչիկը:
Ռեկտոր Եղիազար Վարդանյանը կարևորեց Վիշեգրադի միջազգային հիմնադրամի (International Visegrad Fund) հետ համագործակցությունը, նշելով՝ արդեն ձեռնարկվում են համապատասխան քայլեր հիմնդրամի հետ համագործակցության համար, քանի որ հիմնադրամն աջակցում է մշակութային, գիտական, կրթական ներուժի զարգացմանը՝ համալսարանական դրամաշնորհային և կրթաթոշակային ծրագրերի միջոցով:
Համդիպման ավարտին պարոն Վարդանյանը և ՃՇՀԱՀ պրոֆեսոր, ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը նվերներ հանձնեցին հյուրերին՝ որպես գեղեցիկ հուշ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից: