(010) 303-300

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ

Դիզայնի ֆակուլտետի ուսանողները հաջողություններ են գրանցել XXXIII Միջազգային մրցույթ-ստուգատեսում (МООСАО), որը այս տարի կայացել է Եկատերինբուրգ քաղաքում։ Այս հեղինակավոր մրցույթին ներկայացվել են Արդյունաբերական դիզայն, Գրաֆիկական դիզայն և Միջավայրի դիզայն կրթական ծրագրերի  բակալավրիատի 8 ավարտական աշխատանքներ և մագիստրոսական 7 թեզեր, որոնք լավագույնս արտացոլել են ուսանողների մասնագիտական հմտությունները, ստեղծարար մտածողությունն ու նորարարական մոտեցումները։ Մրցույթի ընթացքում Դիզայնի ֆակուլտետի ուսանողների նախագծերը գրավել են ժյուրիի ուշադրությունը համարձակ լուծումներով և ժամանակակից մոտեցումներով՝ արժանանալով հանձնաժողովի բարձր գնահատականին։

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը։ Իր խոսքում նա բարձր գնահատեց ուսանողների նվաճումները՝ ընդգծելով նման միջազգային հարթակներում ներկայանալու և մրցակցային միջավայրում աչքի ընկնելու կարևորությունը։ «Մեր ուսանողների ձեռքբերումները ոչ միայն վկայում են նրանց անձնական նվաճումների մասին, այլև արտացոլում են մեր համալսարանի կրթական ծրագրերի բարձր մակարդակը, դասախոսական կազմի նվիրված աշխատանքն ու ոլորտի զարգացմանը նպաստող արդի մոտեցումները», – նշել է պրոֆեսոր Մելիքյանը։

 I կարգի դիպլոմներով պարգևատրվեցին 11 ուսանող, որոնցից մի քանիսն արժանացել են նաև հավելյալ հատուկ դիպլոմների։ II կարգի դիպլոմներով պարգևատրվել են 4 ուսանող:

Լավագույն ավարտական աշխատանքների ղեկավարման համար Դափնեկրի դիպլոմներով պարգևատրվեցին Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի ասիստենտ, ճարտարապետության թեկնածու՝ Արսեն Մկրտչյանը, Դիզայնի ամբիոնի դոցենտ՝ Մարիամ Պապյանը, Դիզայնի ամբիոնի դասախոս՝ Աշոտ Օդաբաշյանը։

11.03.25