(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԻՆ

Երեկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հյուրն էր ԱՄՆ կրթաթոշակային ծրագրերի շրջանավարտ Արսեն Կարապետյանը: ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող Education USA հայաստանյան գրասենյակը, որը պատկանում է աշխարհում գոյություն ունեցող Education USA հարյուրավոր խորհրդատվական կենտրոնների ցանցին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Ամերիկյան խորհուրդների հետ համատեղ նախաձեռնել է ՙWe Share՚ հանդիպումների շարք, որի շրջանակներում ամերիկյան ծրագրերի շրջանավարտներն իրենց գիտելիքներն են կիսում թեմայով հետաքրքրված անձանց հետ:

ՙWe share՚ ծրագրի հերթական կանգառը մեր համալսարանում էր: Արսեն Կարապետյանը մեր համալսարանում էր՝ պատմելու ամերիկյան քաղաքաշինության, ընդունված նորմերի և ոլորտը կարգավորող մեխանիզմների մասին:                                                                                       ՙՔաղաքաշինական կարգավորումները Չիկագոյի օրինակով՚ թեմայով դասախոսությանը ներկա էին Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, Քաղաքաշինության ամբիոնի վարիչ Զառա Մամյանը և մի խումբ ուսանողներ:

Չիկագոյի օրինակով ներկայացնելով ամերիկյան քաղաքաշինության ոլորտը՝ Արսեն Կարապետյանը շեշտադրեց, հատկապես, այդ հարցում պետության ակտիվ դերակատարումը: Նա պատմեց բազմաթիվ համալսարաններին կից գործող նախագծային ինստիտուտների և Չիկագոյի քաղաքային խորհրդի գործունեության մասին: Նրա խոսքով՝ հենց վերջինն էլ սահմանում է քաղաքաշինական բոլոր այն թույլատրելի նորմերը, որոնք պարտադիր են ցանկացած շինության կառուցապատման գործում:

Թեման հետաքրքիր էր, դասախոսությունը՝ կայացած: Սա փաստեցին ուսանողների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերը, բանախոսի հանգամանալից պատասխաններն ու մեր և Չիկագոյի քաղաքաշինության միջև եղած տարբերությունների մասին ծավալված ակտիվ քննարկումը:

 

23.03.18