(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհրդի ընդլայնված  նիստում ՈՒԽ նախագահ ընտրվեց Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի  ֆակուլտետի ուսանողուհի  Սուսաննա Հակոբյանը:

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի ընդլայնված նիստը, որը նախագահում էր ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը։ Ընդլայնված նիստը բաղկացած էր  ֆակուլտետների պատվիրակներից և ուսանողական խորհրդի նախագահության անդամներից։ Նիստին ներկա էին նաև ուսանողական խորհուրդը տարբեր տարիներին ղեկավարած նախագահներից տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Հայկ Սարգսյանը և ուսանողական խորհրդի պատվավոր նախագահ տեխնիկական գիտությունների թեկնածու Հովսեփ Հովեյանը։

Մինչ օրակարգին անցնելը, գործող նախագահ Արմեն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և ընդգծեց, որ իր պաշտոնավարման 3 տարիների ընթացքում հնարավորինս պաշտպանել է ուսանողների շահերն ու իրավունքները, ապահովել ուսանողների ինքնավարությունը:

«Ուսանողական խորհուրդը եղել և շարունակելու է մնալ համալսարանի կարևորագույն կառույցներից մեկը,որը ծառայել ի նպաստ ուսանողի, որտեղ ուսանողը բարձրացրել է հարցեր, ստացել իրեն հուզող հարցերի լուծման ուղիները և ներգրավել բուհական կյանքին, լինելով իրազեկված և պաշտպանված»-նշեց Ա․ Հարությունյանը։

ՈՒԽ նախագահ Արմեն Հարությունյանը ներկայացրեց նախագահի թեկնածու Սուսաննա Հակոբյանի անձնական գործը և տեղեկացրեց,  որ Ս․ Հակոբյանը  ուսանողական կառույցի կազմում ընդգրկված է եղել դեռևս 2018 թ.-ից և իրականացրել է 3 խոշոր ուսանողական ծրագրեր: 
ՈՒԽ նախագահության բաց քվեարկության արդյունքում միաձայն նախագահ ընտրվեց Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի  ֆակուլտետի ուսանողուհի   Սուսաննա Հակոբյանը: Նորընտիր նախագահը շնորհակալություն հայտնեց վստահության համար։

«Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել ի դեմս պարոն Հարությունյանի մեր բոլոր ժամանակների ուսանողական խորհրդի նախագահներին, քանի որ նրանց ավանդը և դերը ուսանողական խորհրդի հիմնադրման և կայացման գործում անուրանալի է: Ուզում եմ  վստահեցնել, որ այն բոլոր ավանդական դարձած ծրագրերը, ուսանողական միջոցառումները, ոչ միայն պահպանվելու են այլև դրանց  կողքին ավելանալու են նորերը» -ավելացրեց Ս․ Հակոբյանը։

06.10.21