ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՀՀ վարչապետի խորհրդական պարոն Սուրեն Մաղաքյանի նախաձեռնությամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացավ «Ունիվերսալ դիզայն, մատչելիություն, խելամիտ հարմարեցումներ» խորագրով մեկ շաբաթյա սեմինարը: Սեմինարի նպատակն էր ուսանողներին ներկայացնել համընդհանուր դիզայնի գաղափարը և փիլիսոփայությունը, ինչպես նաև կիրառումը միջազգային շուկայում: Դասընթացը ուներ նաև մեկ այլ նպատակ՝ հասկանալ, թե ուսանողները որքանով են առնչվում տվյալ թեմային համալսարանում: Ուսանողները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին 3 ժամյա դասընթացին, ծավալվեց հետաքրքիր քննարկում, որի ժամանակ ուսանողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխանները: Դասընթացների յուրաքանչյուր օրը բաժանված էր երկու հատվածի, առաջին հատվածը իրականացնում էր հաշմանդամության փորձագետ, ունիվերսալ դիզայնի և խելամիտ հարմարեցումների ապահովման խորհրդատու Սուրեն Մաղաքյանը, իսկ երկրորդ հատվածը՝ ճարտարապետ, ունիվերսալ դիզայնի և խելամիտ հարմարեցումների ապահովման խորհրդատու Նարեկ Մինասյանը: Յուրաքանչյուր օր եղել են ուսանողների տարբեր խմբեր, այսպիսով մասնակցեցին շուրջ 120 ոլորտային մասնագետներ, դասախոսներ և ուսանողներ: Սեմինարների ժամանակ ուսանողներին ներկայացվեց միջազգային փորձը, ինչպես նաև ՀՀ-ին առնչվող խնդիրները:
Նարեկ Մինասյանը ներկայացնելով իր փորձը նշեց. «Միջազգային շուկայում և առհասարակ Հայաստանում կիրառվող ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ նախագծման վերջում են միայն հիշում, որ պետք է առավել խորը ուշադրություն դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց հարմարավետությանը: Սովորաբար ունիվերսալ դիզայնը հենց դա է թելադրում, որ առաջին վայրկյանից, երբ սկսում ես նախագիծը, արդեն այս բոլոր խնդիրները հաշվի առնելով իրականացնեն նախագիծը, այսինքն հաշվի առնեն, որ հնարավոր է այդ շենքում, բնակարանում ապրի հաշմանդամություն ունեցող մարդ և ամեն ինչը պետք է նաև հարմար լինի այդ մարկանց և առհասարակ բոլորին»:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, շարունակաբար ուշադրության կենտրոնում է պահում ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակները, քանի որ այս նպատակներն են, որ լուծում են զարգացման այն հիմնական մարտահրավերները, որոնց մարդիկ բախվում են ինչպես Հայաստանում այնպես էլ ողջ աշխարհում: