(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱՎՈ’Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ, ՆՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԵՎԱՆԻՆ ԾՆՈՒՆԴ ՏՎԱԾ ՎԱՐՊԵՏ

Ավանդույթի համաձայն՝ այսօր՝ մարտի 16-ին, Կոմիտասի անվան պանթեոնում և Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ մարդաշատ էր: Հիշում, մեծարում էին մեծ ճարտարապետին և շնորհավորում ծննդյան օրը:

Այնտեղ էին նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող      Արմեն Ղուլարյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, դասախոսներ և ուսանողներ:

Նախ՝ ծաղիկներ խոնարհելով պանթեոնում, ներկաները վերհիշեցին Թամանյանի անցած ուղին, Երևանին դիմագիծ, շունչ ու հոգի տալու՝ Նրա ջանասեր աշխատանքային գործունեությունը: Ապա շարժվեցին դեպի Կասկադ, որտեղ ռեկտոր Գալստյանը, խոսելով Թամանյանի արվեստի մասին, մատնանշեց, հատկապես Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շքեղագույն հորինվածքը, որի յուրաքանչյուր քարն, ասես, խոսում, երգում և ինչ-որ պատմություն է պատմում:

Հետո՝ նորից հիշողություններ, մեծարումի և երախտիքի խոսքեր՝ հավերժության մեջ միշտ ներկա և անգերազանցելի Ալեքսանդր Թամանյանի մասին:

Նշենք, որ հայ նոր ճարտարապետության հիմնադիր Թամանյանը հեղինակն է Երևանի վերակառուցման ու զարգացման գլխավոր հատակագծի, որի համաձայն՝ Երևանը քաղաք-այգի էր՝ 150 հազար ազգաբնակչությամբ, կառուցապատված 3-4 հարկանի շենքերով և բաժանված առանձին գոտիների:

 

16.03.19