(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՊՐՈՖԵՍՈ՛Ր

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանի ծննդյան 90-ամյակն է:

Է. Խաչիյանը կիրառական երկրաշարժագիտության և երկրաշարժադիմացկուն շինարարության, կառուցվածքների դինամիկայի և տատանումների տեսության բնագավառներում միջազգային ճանաչում ունեցող գիտնական է: Դեռ ԽՍՀՄ տարիներից և հատկապես Սպիտակի երկրաշարժից հետո նա մասնագիտացել է երկրաշարժագիտության բնագավառում՝ Հայաստանի անկախացումից հետո նոր եռանդով նվիրվելով երկրաշարժադիմացկուն շինարարության ազգային նորմերի մշակմանն ու հետագա կատարելագործմանը: Այդ ճանապարհին ուսումնասիրել է տարբեր երկրների օրինակներն ու մշակած նորմերը:

Նրա ղեկավարությամբ 2020թ. արդիականացվել և սկզբունքորեն վերանայվել են «Երկրաշարժադիմացկուն շինարարություն» նորմերը՝ առավել հստակ և արդիական պահանջներ առաջադրելով նախագծողներին: Պրոֆեսոր Է. Խաչիյանը մասնակցել է հանրապետության տարածքում կառուցված խոշոր կամուրջների, կարևոր կառույցների ու բարձրահարկ շենքերի դինամիկական փորձարկումներին և գիտական հետազոտություններին: Նա գործընկերների հետ ներկայացրել է գոյություն ունեցող շենքերի ուժեղացման նոր գաղափարներ:

Գիտական գործունեությանը զուգահեռ Էդուարդ Խաչիյանը՝ որպես դասախոս և ամբիոնի վարիչ, իր փորձն ու գիտելիքը հաղորդել է նոր սերնդին:

Մասնագիտական կյանքը երկրաշարժադիմացկուն շինարարության հարցերին նվիրած ականավոր գիտնականը հեղինակել է ավելի քան 300 գիտական աշխատություն, գիրք, մենագրություն, հոդված, որոնք տպագրվել են տարբեր երկրների հեղինակավոր հանդեսներում:

Գիտության նվիրյալի վաստակը մշտապես բարձր է գնահատվել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Է. Խաչիյանն արժանացել է ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանի, «Անանիա Շիրակացու» ՀՀ մեդալի, ՀՀ վարչապետի հուշամեդալի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մեդալի, 2021թ.՝ Քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալին, իսկ 2023թ. Շինարարի օրվա առթիվ՝ Երևանի քաղաքապետարանի «Արգիշտի Ա» հուշամեդալին: 2011 թ. նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: Նրա «Կիրառական երկրաշարժագիտություն» մենագրությունը 2003թ.-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: Քեմբրիջի համալսարանի կենսագրական կենտրոնը 2009թ Է. Խաչիյանին ընդգրկել է ոլորտի «Առաջին 100 գիտնականների» ցանկում: Նա արժանացել է ԱՊՀ երկրների «Համագործակցության աստղեր» 2021թ. միջպետական մրցանակաբաշխության դափնեկրի կոչմանը: Ծննդյան 90-ամյակի կապակցությամբ Էդուարդ Խաչիյանին նաև պատվոգիր է փոխանցել Շինարարության ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության միջկառավարական խորհուրդը:

Էդուարդ Խաչիյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի ակտիվ անդամ է, ով իր մասնագիտական կարծիքով աջակցում է ոլորտային հարցերի լուծմանը:

Շնորհավորում ենք Էդուարդ Խաչիյանին տարեդարձի առթիվ՝ քաջառողջություն և երկար տարիների ստեղծագործական արգասաբեր կյանք մաղթելով: Նաև շնորհակալություն ենք հայտնում պրոֆեսորին, որ կարողանում է իր ժամանակը տրամադրել ուսանողներին՝ նպաստելով նրանց կրթությանն ու զարգացմանը:

17.08.23