Շինարարի օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ կազմակերպել են տոնական միջոցառում, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում մասնագիտական տոնի առթիվ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանձնել է մի խումբ շինարարների շնորհված պետական պարգևները։
Կոմիտեի նախագահը Հայաստանի շինարարների միության նախագահի հետ ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ և Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագիր։
Պարգևատրվել է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, որի աշխատանքը և առաջնորդությունը վերջին տարիներին էական դեր են խաղացել շինարարական բարձրագույն կրթության և գիտության զարգացման, ոլորտի մասնագիտական ներուժի բարձրացման և կրթական ծրագրերի արդիականացման գործում։ Այս պարգևը ոչ միայն գնահատանք է անձնական ներդրման, այլև կարևոր ազդակ ամբողջ համալսարանական համայնքի համար՝ շարունակելու ոլորտում նորարարությունների, հետազոտությունների և մասնագիտական պատրաստվածության բարձրացման ուղին։
Շինարարության բնագավառի նվիրյալները պարգևատրվել են նաև ԿԳՄՍ նախարարության մեդալով, շնորհակալագրով, Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի շնորհակալագրով, արժանացել «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը։
Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրվել է նաև ՃՇՀԱՀ Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը՝ ոլորտում երկարամյա և արդյունավետ գործունեության համար։ Երևանի քաղաքապետարանի պարգևները հանձնել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Միջոցառումն ամփոփվել է երաժշտական կատարումներով և Հայաստանի շինարարության ոլորտի վերաբերյալ տեսանյութի ցուցադրությամբ։