(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇՀԱՀ

Մասնագիտական կողմնորոշման աշխատանքների շրջանակում այս շաբաթ համալսարան էին այցելել Երևանի 170 ավագ դպրոցի, 159 ավագ դպրոցի, Եղեգնաձորի, Գավառի ավագ դպրոցների շուրջ 200 աշակերտներ: Շրջայցերը իրականացնում էին Ընդունելության և կարիերայի բաժնի աշխատակիցները, իսկ աշակերտներին դիմավորում էին համալսարանի տարբեր ֆակուլտետների դեկաններն ու համապատասխան ամբիոնների մասնագետները: Հանդիպումները առավել հետաքրքիր էին դարձնում սեմինարը՝ օրինակ «Փող» թեմայով սեմինարը, որն անցկացնում էր Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Լիաննա Օհանյանը,  «Օդապարիկ» թեմայով խաղ-մրցույթը, կազմակերպել էր Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Թագուհի Բարսեղյանը: Խաղ-մրցույթի թեման մասնագիտությունների ընտրության հիմնավորումն էր, որը նպատակ ունի ավագ դպրոցի աշակերտներին օգնելու իրենց մասնագիտական ճիշտ ընտրության հարցում:

Շրջայցների ընթացքում Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի դասախոս Արմինե Հակոբյանը աշակերտների հետ հիդրավլիկայի լաբորատորիայում իրականացնում էր փորձեր, իսկ Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դասախոս Գարիկ Խաչատրյանը համակարգչային մոդելավորման միջոցով ներկայացնում էր ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննության վերլուծությունը:

Դիզայնի ու Ինտերիերի և էքստերիերի ամբիոնների դասախոսներ Անի Աճառյանը և Էլեոներա Մարգարյանը ներկայացնում էին  Դիզայնի ֆակուլտետը, տրամադրում  տեղեկատվություն ֆակուլտետում առկա  3 կրթական ծրագրերի վերաբերյալ:

Ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը ներկայացնում էր համալսարանում կազմակերպվող ուսանողական ծրագրերի, ուսանողական կյանքի մասին:

 Աշակերտները հետաքրքրվում էին համալսարանում առկա լաբորատորիաների և արվեստանոցների մասին, ցանկանում էին իմանալ հետագայում՝ իրենց դասերը նույնպես իրականացվելու է այդպիսի  նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում, ինչպես նաև հետաքրքրվում էին քննություններից ու դիմելու կարգից: Հանդիպումների վերջում աշակերտները  շնորհակալություն էին հայտնում նման հնարավորություն իրենց ընձեռելու համար, վստահեցնում, որ նմանօրինակ հանդիպումները շատ են օգնում մասնագիտությունների ընտրության հարցում, իսկ շատերը խոստովանում, որ չէին պատկերացնում, որ իրենց ընտրած մասնագիտությունը այդքան արդիական և պահանջված է աշխատաշուկայում:

16.12.22