(010) 303-300

ՆՐԱՆՔ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ

«Թամանյանի թոռնիկը՝ Գայանե Թամանյանը, իմ դասընկերուհին էր: Երբ գնում էինք իրենց տուն, պահարանի վրայից իջեցնում էինք Թամանյանի նախագծերը և ժամերով նայում». սերը ճարտարապետության և ստեղծագործելու նկատմամբ Կարեն Ռաշիդյանցի մոտ ծնվել է դեռևս դպրոցական տարիներից, ինչպես ինքն է ասում, բոլոր տետրերի կազմերին օպերայի նկարներն էին, անընդհատ նկարում ու գծում էր: Տարիքի հետ այդ սերն ու աշխատանքի հանդեպ սիրահարվածությունն ավելի է մեծացել:

Այս տարի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը և Ճարտարապետության և Ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ, վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Ռաշիդյանցը համալսարանի գլխավոր հոբելյարներն են: Ծննդյան 70 ամյակի առթիվ պարոն Թովմասյանը, համալսարանի կողմից, պարգևատրվեց «Ջիմ Թորոսյան», իսկ պարոն Ռաշիդյանցը՝ 75 ամյակի առթիվ, «Արթուր Թարխանյան» ոսկե մեդալներով:

Այն գիտակցությամբ, որ տարիները մարդուն ոչ միայն ավելորդ ու անցանկալի կնճիռներ, այլ նաև՝ իմաստնություն են նվիրում, այդուհանդերձ, զրույցից առաջ հստակ որոշեցի, որ տարիքի մասին խոսակցությունը կսահմանափակվի միայն տարեդարձն ու մեդալները շնորհավորելով: Սակայն, երբ պարոն Թովմասյանը ժպիտով և գործընկերոջ նկատմամբ անկեղծ հիացմունքով նկատեց, որ Ռաշիդյանցը միայն 7.5 անգամ 10-ը տարեկան է, հասկացա, որ նրանց համար տարիքը ոչ թե թվերի հաջորդականություն է, այլ կյանքի հերթական հետաքրքիր փուլ.                         

«Երբ արթնանում և անմիջապես հիշում եմ, որ այսօր ուսանողներիս պետք է որևէ նոր ճարտարապետի մասին պատմեմ, անմիջապես ապրելս գալիս է: Այո՜, ապրեցնող է այն միտքը, որ դու դեռ մարդկանց պետք ես, որ դեռ չես սպառվել և ասելիք ունես». այս բանաձևով է յուրաքանչյուր օր ուսանողների սիրելի պարոն Ռաշիդյանցը գալիս աշխատանքի, գալիս է, որպեսզի երիտասարդների հետ զրուցի գրականությունից, երաժշտությունից, ճարտարապետությունից, մարդկային ազնիվ ու վեհ զգացմունքներից և, ինչպես Թովմասյանն է նկատում, կատարի իր գործը միայն իրեն հատուկ պատանեկան եռանդով ու ոգևորվածությամբ:

«Համաձայն ես, չէ՞, Թովմասյան, բա այլ կերպ հնարավոր չէ, ախր ճարտարապետությունը սեր է, նվիրում, երաժշտություն, եթե ճարտարապետը գիշերը չի արթնանում ու մատիտը ձեռքը վերցնում, ուրեմն իսկական ճարտարապետ չէ», — ասում է՝ միաժամանակ ինքն իրեն նկատողություն անելով, որ շատախոսում է և թույլ չի տալիս գործընկերոջը նույնպես կարծիք հայտնել: «Ի ուրախություն մեզ՝ ասելիքդ շատ է, որովհետև ճարտարապետությունն, իսկապես, շշմելու արվեստ է, թույն, վարակ, որը, եթե հայտնվում է մարդու մեջ, այլևս ազատվել չի լինում, ամբողջ կյանքի համար է», — նկատում է պարոն Թովմասյանը:

Ճարտարապետության առեղծվածը բնութագրելու համար, թերևս, անհնար է գտնել ավելի պերճախոս արտահայտություն, քան Սարգիս Թովմասյանինն է. հաճախ է ասում. «Ճարտարապետությունն աստվածային մասնագիտություն է»: Բացատրությունն էլ նույնքան համոզիչ ու սիրուն է. «Նայեք պատուհանից, սարի գլխից, երկնքից, ի՞նչ եք տեսնում՝ ամենուրեք Աստծո ստեղծածն է ու ճարտարապետի մտքի արգասիքը: Ուրիշ բան չկա: Մնացած ամեն ինչ գնում-գալիս է: Միայն ճարտարապետությունն է կանգուն, որը հենց բնական միջավայրի շարունակությունն է»: 

Նկատեցի, թե ինչպես փոխվեց զրուցակիցներիս դեմքի արտահայտությունն ու ոգևորվածությունը, երբ հարցրի, թե ինչ միջավայրի և գույների մեջ է ապրում  այսօրվա Երևանի ճարտարապետությունը: Պատասխանները լակոնիկ, բայց խորը, դիպուկ և հուսադրող էին. 

«Հիմա դալտոնիկ է դարձել ճարտարապետությունը… Երևանը միայնակ ու խորթ շենքերի քաղաք է դարձել՝ առանց երկխոսության… Բայց հույս ունենք, որ ժամանակն ամեն ինչ իր ճիշտ տեղը կգցի»:                                                                             Ասում են՝ արևմտյան ճարտարապետության հետևից գնալով ուզում ենք երկնաքերեր կառուցել, որոնք ծիծաղելի են և ոչ մի առնչություն չունեն զարգացման հետ: Մեր երկրում ռիսկի գործոնը շատ մեծ է և, հիշելով, որ բոլոր ժամանակների բացարձակ արժեքը մարդն է, հետևաբար պետք է կառուցենք՝ առաջնորդվելով ամրություն, օգտակարություն, գեղեցկություն սկզբունքով՝ չմոռանալով հանդերձ, որ յուրաքանչյուր բնական վտանգ սպառնում է մեր լիովին ոչնչացմանը: 

«Գիտե՞ք, ճարտարապետությունը պետք է ագրեսիվ չլինի, փողոցով քայլելիս աչք չծակի, իսկ այդպիսին է միայն գրագետ և միջավայրին ձուլված կառույցը: Այն նկար չէ, որ վատ ստացվելու դեպքում պատռես և դեն նետես, այն մնայուն է», — ասում է պարոն Ռաշիդյանցը և հավելում, որ կառույցը կարող է ֆիզիկապես մաշվել, բայց բարոյապես պարտավոր է պինդ լինել: Միայն այսպիսի ճարտարապետությունը, տվյալ ժամանակաշրջանի պատմության ու մարդկային փոխհարաբերությունների մասին պատմող ճարտարապետությունը կարող է մարդկանց և, ապա, հենց ճարտարապետին երջանկացնել:

«Պատվոգրերը, տարբեր գույների թղթերը, մեդալներն ու վաստակավորի կոչումները չեն, որ երջանկացնում են ու դառնում ճարտարապետի ծափահարությունները: Պրոֆեսորն այն ժամանակ է պրոֆեսոր, երբ դրա մասին ասում են կողքինները՝ առանց դրա մասին վկայող մեդալները տեսնելու…», «Էլի շատ եմ խոսում, չէ՞, Թովմասյան, ոչինչ, դու ինձանից 5 տարով փոքր ես, դեռ ժամանակ ունես…»:

Երազանքնե՞ր: Շատ չեն, ասում է Կարեն Ռաշիդյանցը, ես արդեն երջանիկ եմ՝ ունեմ հոյակապ ընտանիք, սիրելի աշխատանք և լավ շրջապատ, միայն ուզում եմ շա՜տ-շա՜տ թոռներ ունենալ: Իսկ ահա մի երազանք ընդհանուր է՝ որպես ճարտարապետ և քաղաքացի, երազում են, որպեսզի Հայաստանի ճարտարապետությունը մի օր վերջապես բավարարի հուսալիության, ամրության ու կայունության պահանջներին:

11.02.20