Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Իտալիայի Ուդինե համալսարանի միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի և առավել ընդլայնվելու, զարգանալու միտում:
Այսօր այդ համագործակցությունը տեղափոխվեց նոր հարթություն: Երկօրյա աշխատանքային այցով մեր համալսարան են ժամանել Ուդինեի համալսարանի պատվիրակությունը, որի կազմում են ռեկտոր, պրոֆեսոր Ալբերտո Ֆելիչե Դե Տոնին, միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Ջիորջիո Ալբերտին, գիտական միջազգային գործունեության հարցերով պատասխանատու Աննա Ֆրանջիպանեն, պրոֆեսորներ Դիգրան Դիգրանյանն ու Մարիո Պեզետտան: Իտալական պատվիրակության անդամներն արժանացան ջերմ ու բարեկամական ընդունելության ռեկտորի և մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից և նշեցին, որ ուրախ են կրկին Հայաստանում գտնվելու համար: Իր հերթին՝ ռեկտոր Գալստյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր այց և կնքված համաձայնագիր առավել են ամրապնդում երկու համալսարանների միջև կապը:
Հյուրերը հակիրճ ներկայացրեցին իրենց համալսարանի կրթական գործունեությունը, համագործակցության շրջանակները և, առանձնահատուկ շեշտադրմամբ, մեր համալսարանի հետ համաձայնագրի առկայության փաստը:
Արդեն բարեկամներ դարձած իտալացիները դատարկաձեռն չէին եկել. Ուդինե քաղաքի գիրք-ուղեցույց, Ուդինեի համալսարանի տարբերանշանով վզկապ, մեդալ, նկար:
Նվերների փոխանակումից հետո Ուդինեի համալսարանի պատվիրակները շրջայց կատարեցին համալսարանում, անթաքույց զարմանքով ու հիացմունքով ծանոթացան լաբորատորիաներին և ճարտարապետության ու դիզայնի արվեստանոցներին, որից հետո, Էրազմուս+ ծրագրի շրջանակում՝ վավերացրեցին այդքան սպասված՝ «Ուսանողների փոխանակման մասին» համաձայնագիրը:
Համաձայնագրի առանցքում կրթության և հետազոտության ոլորտներում Ուդինեի համալսարանների շինարարության և ճարտարապետության ուսումնական պլաններով ուսումնառող ուսանողների և ՃՇՀԱՀ-ի ուսանողների փոխանակման ծրագրի իրականացումն է:
Այսօր նախատեսված է իտալական պատվիրակության այցը Մատենադարան, Գառնի Գեղարդ, իսկ արդեն վաղը՝ Ծիծեռնակաբերդ ու Փարաջանովի տուն-թանգարան: