Արդեն 15 տարի է, ինչ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Կլերմոն Ֆերրանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի միջև սերտ համագործակցության և բարեկամական կապեր են հաստատված: Այս տարիների ընթացքում իրականացվել են անհաշվելի համատեղ նախագծեր, փոխադարձ այցեր և աշխատանքային օրեր:
Այսօր ամփոփվեց 25-րդ՝ հոբելյանական համատեղ աշխատանքային շաբաթը: Այս անգամ Կլերմոն ֆերրանից և Իսպանիայի Կորունիայի համալսարանից ժամանած տարբեր ազգությունների ուսանողները՝ մեր համալսարանի ուսանողների հետ, 4 խումբ կազմած, ուսումնասիրեցին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող նախկին տեքստիլ ֆաբրիկայի շենքն ու վերակառուցման նախագծեր առաջարկեցին:
Նախագծերի ցուցադրման և մասնակցության վկայականների հանձնման արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ-ի և Կլերմոն Ֆերրանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի ռեկտորներ Գագիկ Գալստյանն ու Անիես Բարբիեն, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Էմմա Հարությունյանը, դասախոսներ և ուսանողներ:
Մեր և Կլերմոն Ֆերրանի համալսարանների միջև համագործակցությունը, սակայն, այսքանով չեզրափակվեց: Երկու համալսարանների ռեկտորներ Գագիկ Գալստյանն ու Անիես Բարբիեն ստորագրեցին համաձայնագիր՝ ճարտարապետության բնագավառում գիտական և մանկավարժական համագործակցություն հաստատելու համար: Համաձայնագիրը նախատեսված է 5 ուսումնական տարվա համար: