(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆՈՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒ «ՇՏԻԳԵՆ»-Ի ՄԻՋԵՎ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Շտիգեն» ընկերության միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որին ներկա էին «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, պրոռեկտոր Մարինա Ղազարյանը, Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը և ՋԳՄՕ ամբիոնի վարիչ Աննա Քարամյանը:

Նախքան հուշագրի ստորագրման գործընթացը՝ ռեկտոր Գալստյանը շեշտեց նմանատիպ գործակցության կարևորությունը ոչ միայն ուսանողների մասնագիտական աճի, այլ նաև արժանապատիվ աշխատանք գտնելու և հետագայում գործնական կապերի՝ առավել դյուրին հաստատման առումով: Այն, որ հուշագիրը հեռանկարային ու շարունակական բնույթ է կրելու, հաստատեց նաև ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը՝ հավաստիացնելով, որ առավել հետաքրքիր ու նպատակային ծրագրերը դեռ առջևում են:

Հուշագիրը ստորագրված է, և այն ենթադրում է կազմակերպել համատեղ հեղինակային դասընթացներ, գործնական պարապմունքներ, բաց դռների օրեր, այցեր գործող արևային կայաններ, ինչպես նաև ուսանողների մասնագիտական աճին նպաստող այլ միջոցառումներ: Հուշագրի կարևորագույն կետերից են նաև համալսարանին ընկերության թափուր աշխատատեղերի մասին պարբերական  տեղեկատվություն տրամադրելը և «Շտիգեն»-ի ու ՃՇՀԱՀ-ի Կարիերայի կենտրոնի միջև սերտ համագործակցությունը, ինչն, անխոս, ուսանողների համար աշխատանք գտնելու լայն հնարավորություն է:

Հուշագրի արդյունավետ իրականացման նպատակով՝ կողմերը կձևավորեն միացյալ աշխատանքային խումբ, որը կմշակի միջոցառումների ժամանակացույց-պլանը և դրա իրագործման գործիքները:

09.09.19