Ի՞նչ գիտենք մենք ռադիատորների մասին, որոնցից կա, գրեթե, բոլորիս տանը: Այն, որ դրանք սպիտակ են, մետաղյա, առանց աչքի ընկնող և ամենասովորական դիզայնով:
Սակայն, կա մի մարդ, որն այդպես չի մտածում և ստեղծագործական մոտեցում է ցուցաբերում նույնիսկ, առաջին հայացքից, ամենասովորական թվացող ռադիատորների նկատմամբ: Նա բելգիական դիզայն ռադիատորների հայտնի JAGA ֆիրմայի հիմնադիր Յան Քրիքելսն է, ով ստեղծում է ապագայի մոդելներ, որոնք մարդու, բնության ու բիզնեսի ներդաշնակություն են:
Այսօր Յան Քրիքելսը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր՝ ՋԳՄՕ ամբիոնի 70 ամյակին նվիրված միջոցառման շրջանակում ներկայացնելու իր բրենդը:
Տարբեր առիթներին Քրիքելսը սիրում է ասել, որ գոհ չէ կյանքի ժամանակակից ոճից և բնության ռեսուրսների անարդյունավետ վատնումից, և իր հիմնած բրենդի հիմնական գաղափարը մարդու և շրջակա միջավայրի բալանսավորումն է, ինչը հարգանք է նախ բնության, ապա՝ երեխաների ապագայի նկատմամբ:
Շնորհանդեսին ներկայացնելով JAGA բրենդի ռադիատորները, Քրիքելսը նշեց, որ դրանք ստեղծված են էկոլոգիապես մաքուր նյութերից, իսկ օգտագործվող ջրի մակարդակը հասցված է նվազագույնի, որի արդյունքում, ավելացած ջրի պաշարով, Կոնգոյում խմելու ջրի պահեստներ է կառուցվում:
JAGA բրենդի և դրա գաղափարախոսության նկատմամբ մեր համալսարանի մասնագետների հետաքրքրությունն ակնհայտ էր, չէ՞ որ, ըստ հյուրի, ռադիատորները պատասխանատու են ոչ միայն ջեռուցման, այլ նաև՝ ներքին հարդարման, մոլորակի ջրի և էներգիայի պաշարների խնայողության համար. «Անկախ յուրաքանչյուրիս գույնից, ազգությունից և ինտելեկտուալ կարողություններից, մոլորակի փրկությունը բոլորիս պարտքն է», — եզրափակեց խոսքը բնությանն ու մարդուն այլ՝ ավելի դրական ու հեռանկարային տեսանկյունից դիտարկող մարդը: