(010) 303-300

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ՝ ԻՏԱԼԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ

Սեպտեմբերի 17-22-ն Իտալիայի Ուդինե քաղաքում մեր համալսարանի Ճարտարապետություն, Շինարարության և Դիզայն ֆակուլտետների 9 ուսանողներ՝ դասախոս Գառնիկ Ստեփանյանի ղեկավարությամբ, մասնակցել են <Bacco’s Designing the wine project> խորագրով ամառային դպրոցին։ Ամառային դպրոցի շրջանակներում` Իտալիայի, Հայաստանի, Արգենտինայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Հոնդուրասի մասնակից ուսանողներն արդեն հասցրել էին այցելել Իտալիայում գտնվող մի շարք գինու գործարաններ, ծանոթացել առկա խնդիրներին, լսել դրանց լուծման վերաբերյալ գործարանների ղեկավարների ցանկությունները և առաջարկությունները, ինչից հետո առաջարկել իրենց ճարտարապետական ու դիզայներական լուծումները։ 

Հայրենիք ու համալսարան վերադարձած Մերի Չալիկյանը, Էրիկ Վարդանյանը, Սերգեյ Պետրոսյանը, Սիրանուշ Ղազարյանը, Լիանա Մանասարյանը, Անի Ամարյանը, Սվետլանա Նազարանը, Մերի Պողոսյանը և Անուշ Օհանյանը պատմեցին Ուդինեից ստացած իրենց տպավորություններիի մասին: Սակայն, ինչպես ոգևորությունից փայլող ուսանողները նշեցին, իրենց տեսածն ու լսածը բառերով նկարագրելը գրեթե անհնար է: Էքսկուրսիաներ և պրակտիկաներ բացառիկ վայրերում, ձեռք բերած անկշռելի գիտելիքներ, փոխանակված մտքեր, հաղթահարված լեզվական խնդիրներ, համտեսած եզակի գինիներ և անհավանական հաջողություններ: Իտալական Ուդինեից ստացած տպավորությունների մասին այսպիսի փոքրիկ, բայց բովանդակային խճանկար էին պատրաստել մեր տաղանդաշատ ուսանողները:

Նրանք այնքան տպավորված և հպարտ էին, որ խնդրեցին անհամեստաբար, բայց անպայման նշել Մերի Չալիկյանի և արգենտինական համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի հետ ունեցած էքսպրոմտ նկարչական մրցույթի մասին: Երիտասարդ միտքը միշտ է հաղթում՝ մեր ուսանողուհին ապացուցեց այն նաև հեռավոր Իտալիայում: Այստեղ չեն մոռացել նաև հայոց լեզվի և հայկական մշակույթի մասին: Հոնդուրասի մասնակիցը մինչև ամառային դպրոցի ավարտն արդեն հասցրել է սերտել ձ-ծ-ց ուղղագրությունը և անձամբ բոլորին պատմել Հայաստան աշխարհի մասին:

Հավաստագրերով վերադարձած ուսանողները նշեցին նաև, որ մեր համալսարանի պատվիրակությունը ցուցաբերել է բարձր մասնագիտական որակներ և պատվով ներկայացրել մեր երկիրն ու համալսարանը:

 

27.09.18