ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
5-օրյա աշխատանքային այցով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան է ժամանել Բոլոնիայի համալսարանի պատվիրակությունը, որի կազմում են Իտալիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Ռիտա Գոնելլին, Մշակութային ժառանգության և Ճարտարապետության ֆակուլտետների պրոֆեսորներ Մարիանջելա Վանդինին, Մարկո Պրետելլին, Մարկո Օրլանդին և Հայագիտության ամբիոնից Աննա Շիրինյանը:
Մեր համալսարանում իտալական պատվիրակությանն ընդունեց ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ռեկտոր Գագիկ Գալստյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Հայ-իտալական մշակութային համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանման համատեքստում երկարամյա պատմություն ունի: Այս այցը հերթականն էր:
Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Գալստյանը նշեց, որ մեր և Բոլոնիայի համալսարանների միջև համագործակցության պայմանագրով արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Նա հույս հայտնեց, որ մշակութային ժատանգության պահմպանմանն ուղղված աշխատանքային այս այցը նույնպես նպատակային ու բեղմնավոր կլինի:
Իտալացի պրոֆեսորները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանում իրենց զգում են, ինչպես սեփական տանը: Հանդիպումից հետո հյուրերը շրջեցին համալսարանում, ծանոթացան Հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիային: