(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 3 ՈՒՍԱՆՈՂ ՃԱՆԱՉՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Ուսանողներին գնահատանքի արժանացնելը, նրանց տարատեսակ պարգևներով քաջալերելը կրթական ոլորտի գերակա ուղղություններից է: Այս տարի նույնպես, ավանդաբար, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հանդիսավոր կերպով անցկացվեց 2020թ-ի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: Մրցույթն անցկացվել է ըստ կրթական աստիճանների` բակալավր ու մագիստրոս, և ըստ 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ:

Մրցույթում հաղթող են ճանաչվել հանրապետության 16 բուհ ներկայացնող 38 ուսանող, ովքեր ընտրվել են հետևյալ չափորոշիչներով՝ ըստ գնահատականների, գիտաժողովների, միջազգային մրցույթների, օլիմպիադաների մասնակցության, գիտական պարբերականներում տպագրված հոդվածների քանակի և հասարակական ակտիվության:

Լավագույն ուսանողների պատվավոր շարքերում են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները: Ճարտարագիտության անվանակարգում 2-րդ տեղը զբաղեցրած 13 ուսանողներից մեկը մեր համալսարանի Քաղաքային տնտեսության ֆակուլտետի ՙՓոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում՚ մասնագիտությամբ՝ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, ՃՇՀԱՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Խաչիկ Խաչատրյանն է:

Նույն՝ ճարտարագիտություն անվանակարգում, 3-րդ տեղը զբաղեցրած 12 ուսանողների շարքերում է նաև մեր համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Մելոյանը:

Հաղթող ճանաչված ուսանողուհի ունենք նաև մշակույթ-սպորտ անվանակարգում: Դիզայնի ֆակուլտետի ՙՄիջավայրի դիզայն՚ մասնագիտությամբ՝ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Կիմա Եդոյանը, ով այժմ ՙErasmus+՚ ծրագրով վեցամսյա ուսումնառություն է ստանում Վարշավայում, մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը:

Ջազային քառյակի և սիմֆոնիկ նվագախմբի Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի կատարումների ներքո նախարարը շնորհավորեց մրցանակակիր ուսանողներին՝ նշելով, որ հաղթող ճանաչվելը հպարտանալու առիթ է, բայց միևնույն ժամանակ՝ նաև մեծ պատասխանատվություն:

Նշենք, որ ՙԼավագույն ուսանող՚ մրցույթի 1-ին տեղի մրցանակակիրները պարգևատրվեցին 415.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղի մրցանակակիրները՝ 305.000 ՀՀ դրամով և 3-րդ տեղի մրցանակակիրները՝ 220.000 ՀՀ դրամով: Նախարարության կողմից դափնեկիր ուսանողներին շնորհվեցին նաև գրքեր:

Շնորհավորում ենք մեր համալսարանի լավագույն ուսանողներին՝ մաղթելով մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և պանծալի հաղթանակներ:

18.02.21