(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Նորվեգիայի Արկտիկական համալսարանի (ՆԱՀ) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ակադեմիական համագործակցության երկամյա ծրագրի շրջանակում` հերթական անգամ մեր համալսարան էր ժամանել նորվեգական պատվիրակությունը, որի կազմում էին ՆԱՀ-ի Շինարարության, էներգետիկայի և նյութագիտության ֆակուլտետի դեկան Սորենսոն Բյորնը, 2 համալսարանների միջև ակադեմիական համագործակցության շրջանակում անցկացվող նախագծի համակարգող Յիժոն Քսուն, ծրագրերի ղեկավարներ Մոհամմադ Մուսթաֆան և Ռայնիշ Քելին ու հետազոտող Իվետա Նովիկովան:

Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Գագիկ Գալստյանը նշեց, որ պատվիրակությունը Հայաստանում է խորհրդանշական օրերին, երբ ողջ աշխարհն ուշադրությամբ հետևում է մեր երկրում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի ընթացքին: Այս աշխատանքային հանդիպումը ևս լավ հնարավորություն է՝ համատեղ ծրագրերի մշակմամբ և իրագործմամբ պատրաստել վաղվա մարդուն ու մասնագետին. «Մենք բարձր ենք գնահատում Նորվեգիայի Արկտիկական համալսարանի հետ համագործակցությունը և հուսով եմ, որ այս բնագավառում մեր համալսարանն էլ իր պոտենցիալով չի զիջում և միշտ պատրաստ է քայլել ժամանակին ու զարգացումներին համահունչ»,- նշեց ռեկտորը:

Արկտիկական համալսարանի պատվիրակությունն էլ իր գոհունակությունը հայտնեց ինչպես հայկական հյուրընկալությունից, այնպես էլ մեր համալսարանի հետ արդյունավետ համագործակցությունից՝ կիսելով ռեկտոր Գալստյանի տեսակետն այն մասին, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շուրջ քննարկումներն ու նորանոր նախագծերն, անխոս, ապագան ավելի ապահով ու հարմարավետ դարձնելու միտում ունեն:

Հանդիպմանը ներկա էին Շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը, Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արտավազդ Արզումանյանը, Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, Ջերմագազամատակարման և օդափոխության ամբիոնի վարիչ Աննա Քարամյանը, որոնց հետ, ծրագրի ավարտին նախատեսվում է մշակել համատեղ կրթական ծրագրեր՝ էներգախնայողությունից և Կայուն շինարարությունից:  

08.10.19