Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր ռուսական ՙԿոմպոզիտ՚ ընկերության պատվիրակությունը:
Կարևորելով շինարարության ոլորտում բարձր տեխնոլոգիական եղանակով ստացված նյութերի կիրառումը՝ մեր համալսարանը և ՙՀորիզոն- 95՚ ընկերությունը նախաձեռնեցին հանդիպում ռուսական ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացրեցին ածխածնաթելքային ամրանային նյութերի առանձնահատկությունը, անհրաժեշտությունն ու կիրառման եղանակները:
Ռուսական պատվիրակությանն ընդունեցին ռեկտոր Գագիկ Գալստյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, տարբեր շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ և ուսանողներ:
Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Գալստյանը նշեց , որ նմանատիպ նյութերը մեծ պահանջարկ ունեն արտասահմանյան շուկայում, հետևաբար ոգևորիչ է այն փաստը, որ դրանք տարածում կգտնեն նաև հայկական շուկայում:
ՙԿոմպոզիտ՚ ընկերության առաջատար մասնագետներ՝ Վիկտոր Ֆատկուլլինը, Իլյա Արիանովը և Վասիլի Ռյազանցևը հանդես եկան ՙԿոնստրուկցիաների ուժեղացման կոմպոզիտ նյութի ածխածնաթելքային ամրանային նյութերին հիմնական հատկանիշները, տեսակները, շենքի ձգված ու սեղմված տարրերի ուժեղացման սկզբունքները՚, ՙՍեյսմիկ ազդեցության տակ կոնստրուկցիաների ուժեղացման նախագծման սկզբունքները՚ և ՙԿոմպոզիտային նյութերով ուժեղացված օբյեկտների օրինակները՚ թեմայով զեկույցներով: Ռուս մասնագետները նշեցին, որ այս նյութերը հնարավորություն են տալիս մի քանի անգամ որակյալ արդյունք ստանալ վնասված կառույցների ուժեղացման, վերականգնման դեպքում: Նրանք պարզաբանեցին, որ, ի տարբերություն պողպատե ամրանների, դրանք զգալիորեն թեթև են, 10-ն անգամ ավելի ամուր և կոռոզիայի չեն ենթարկվում, իսկ դրանց ժապավենաձև տեսքը թույլ է տալիս ապահովել ոչ միայն կոնստրուկցիայի վերականգնումը, այլ նաև ուժեղացումը:
Զեկույցներից ու ելույթներից հետո ռուսական պատվիրակության ներկայացուցիչների և թեմայով հետաքրքրված ներկաների միջև ծավալվեց աշխատանքային լայն քննարկում: