(010) 303-300

ՄԵՆՔ #ԱՄԵՆՈՒՐԵՔ ԵՆՔ.  ԳՐԵ՛Ք, ԼՈՒՍԱՆԿԱՐԵ՛Ք ԵՎ ԱՍԵ՛Ք ԴՐԱ ՄԱՍԻՆ

Հայի ձեռագիրն #ԱՄԵՆՈՒՐԵՔ է, հայի ոտնահետքերն #ԱՄԵՆՈՒՐԵՔ են, հայի ձայնը խրոխտ, լսելի և ինքնավստահ է #ԱՄԵՆՈՒՐԵՔ:

Բառը պատահական չի: Ամենուրեք-ն այն աներևույթ վայրն է, որտեղ ապրում է հայի ոգին, հայի ստեղծագործությունն ու միտքը:

Հենց աշխարհասփյուռ հայությանը միավորելու, երկխոսություն հաստատելու և Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելու նպատակով արվեստագետներ Բիանկո-Վալենտե զույգը՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ, հղացավ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ Է» նախագիծը:

Հայկական մշակույթն ուսումնասիրելու նպատակով Երևան ժամանած արվեստագետները, շփվելով մարդկանց ու պատմամշակութային վայրերի հետ, հասկացան, որ, անկախ աշխարհագրական սահմաններից, ժամանակի ընթացքում կրած ցավերից, պառակտումից և ազգերի բախումների արդյունքում թատերաբեմի վերածվելուց, հայերն ամենուրեք են և կապված են անտեսանելի, բայց շատ ամուր թելերով:

Այսօր, այս նախագիծն այդ թելերը կդարձնի տեսանելի՝ ձեռքի ափի մեջ #ԱՄԵՆՈՒՐԵՔ գրվածքով լուսանկարի և այն #ԱՄԵՆՈՒՐԵՔ հեշթեգով սոցիալական ցանցերում տարածելու շնորհիվ: Այս յուրատեսակ գաղափարը կմիավորի և կնպաստի, որպեսզի աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայ վկայի իր մասին և ասի՝ «այստեղ նույնպես հայեր կան»:

Ծրագրի մեկնարկը տրվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից: Այստեղ նախագծի կազմակերպիչներն ուսանողներին ներկայացրեցին #ԱՄԵՆՈՒՐԵՔ-ի ողջ էությունը, կարևորությունը և նմանատիպ նախաձեռնության նախադեպերը: Դեռևս լսարանում՝ ուսանողներն արդեն շտապում էին իրենց ձեռքերը «զարդարել» խորհրդանշական #ԱՄԵՆՈՒՐԵՔ-ով, որպեսզի բակում սկսեին լուսանկարվել և շունչ տալ այս կարևոր գաղափարին:

Ճիշտ է, #ԱՄԵՆՈՒՐԵՔ-ը սկսվել է մեր համալսարանից, սակայն ներգրավել է ամբողջ քաղաքն ու մի շարք կառույցներ: Նախաձեռնությանն են միացել Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը, Մխիթարյանների միաբանությունը, Միջխորհրդարանական միության Իտալիա-Հայաստան բարեկամության խումբը, IN SITU արվեստի գործակալությունը, Ժամանակակից արվեստի ինստիտուտը, «Արտլաբ Երևան» ստեողծագործական կազմակերպությունը, Kօnd Gallery-ն, Լուսիկ Ագուլեցու թանգարանը: 

Գաղափարակիրները լիահույս են, որ այսօրվանից #ԱՄԵՆՈՒՐԵՔ գրվածքով ձեռքերն ու պաստառները կողողեն համացանցը՝ հուշելով ու հիշեցնելով, որ հայերն #ԱՄԵՆՈՒՐԵՔ են:

03.09.19