(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՙՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ՚ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ՙՔարանձավները որպես բնության և մշակույթի հուշարձաններ՚ միջազգային գիտաժողովը, որը նվիրված է Հայաստանի Անձավագիտական կենտրոնի 35 ամյակին:

Գիտաժողովի մեկնարկային միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՀՀ կրթությանգիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, ոլորտի ներկայացուցիչներ ինչպես մեր երկրից, այնպես էլ՝ աշխարհի տարբեր անկյուններից, այդ թվում՝ հայտնի գիտնականներ Քենդելը, Գասպարյանը, Վիլկինսոնը, Գլաուբերմանը և այլոք:

Վերջին 10-ը տարիների Հայաստանում կատարված հայտնագործությունները կասկածի տակ առան հնագույն մարդու, քաղաքակրթության ծագման վայրի, գինու արտադրության և հողագործության մասին մինչ այժմ եղած բոլոր տեսությունները: Այդ հայտնագործությունների շնորհիվ մեր երկիրը հայտնվեց աշխարհի գիտնականների ու քարանձավագետների ուշադրության կենտրոնում և համախմբեց այսօր մեկնարկած գիտաժողովի հարկի ներքո:

Իր ելույթի խոսքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հիշատակեց, հատկապես, Արենի-1 քարայրի պեղումների ընթացքում գրանցված արդյունքները՝ գինու հնագույն արտադրական համալիրը և հնամյա կոշիկը, որոնք արագորեն տեղ գտան տարածաշրջանի երկրաբանական ու պատմական միջավայրի ձևավորման պատմության մեջ. ՙՀայաստանի Անձավագիտական կենտրոնը տպավորիչ ճանապարհ է անցել, անգամ մինչև պաշտոնապես հիմնադրվելը: Կենտրոնի անդամները տասնամյակներ շարունակ բացահայտել են Հայաստանի քարանձավներն ու բնական դատարկությունները, որոնք հանդիսանում են ոչ միայն մեր երկրի, այլև՝ համաշխարհային բնական ժառանգության մի մասը՚,- նշեց Ռ. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս գիտաժողովը գործնականում հանդիսանում է այդ ուսումնասիրությունների հանրագումարը:

ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը գիտաժողովը կարևորեց, հատկապես,  քարանձավագիտությունը ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև՝ գիտության, մշակույթի ու կրթության տեսանկյունից դիտարկման առումով, քանի որ, նրա խոսքով, միայն ակադեմիական կրթության և գիտագործնական փորձի զուգակցման արդյունքում ենք կարող համալսարանական կրթությունը դարձնել ամբողջական. ՙԱյս գիտաժողովն իր տեսակի մեջ անչափ կարևոր, ճանաչողական և բացահայտումներով հագեցած է, քանի որ մինչև 18-րդ դարը Հայաստանում դեռևս պահպանվում էին քարանձավային բնակավայրեր, որոնց մասին մինչև վերջին տարիները սակավաթիվ տեղեկություններ և ուսումնասիրություններ կային: Հենց այս կարևորագույն բացը լրացնելու և Հայաստանի գանձերն աշխարհին բացահայտելու համար է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շարունակաբար  աջակցություն ցուցաբերում քարանձավագիտության հետ կապված տարբեր համաժողովների ու գիտաժողովների անցկացմանը՚: Ռեկտոր Գալստյանը շեշտադրեց նաև այն հանգամանքը, որ քարանձավագիտությանը վերաբերող միջազգային տարբեր գիտաժողովներին՝ թե’ բնական, թե’ մարդածին քարանձավների բնագավառում նորանոր հայտնագործությունները ներկայացնում են հենց մեր համալսարանի 2 դասախոսները՝ Քարանձավագետների միության նախագահ, ՃՇՀԱՀ Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ Սամվել Շահինյանը և Սմբատ Դավթյանը:

Միջոցառմանը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անձամբ ներկա չէր, սակայն նախարարության կողմից Հայաստանի Անձավագիտական կենտրոնի 35 ամյակը շնորհավորելու և գիտաժողովի մասնակիցներին ողջունելու էր եկել փոխնախարար Նարինե Խաչատուրյանը: Փոխնախարարը նույնպես սկսեց իր խոսքը հայաստանյան քարանձավների ուսումնասիրության և Անձավագիտական կենտրոնի անդամների անխոնջ աշխատանքի արդյունքում արված հայտնագործությունների հանրահռչակման կարևորությունից: Նա նշեց, որ վերջին 25 տարիներին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության ազգագրության ինստիտուտի արտասահմանյան համագործակցության շնորհիվ պեղման են ենթարկվել մեկ տասնյակից ավելի քարայրեր, որոնց արդյունքները կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև՝ առաջավորասիական տարածաշրջանի համար:

Նշենք, որ այսօր մեկնարկած գիտաժողովի հաջորդ կանգառը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն է: Վաղն Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների, ՌԴ-ի, Ավստրալիայի, Ճապոնիայի և գիտաժողովին մասնակից մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ մեր համալարանում հանդես կգան հնագիտությանը, պատմությանը, երկրաբանությանը, քարանձավագիտությանը, ճարտարապետությանը, ստորգետնյա կառույցներին և որմնանկարներին վերաբերող զեկույցներով: 

11.09.19