ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մեկնարկել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կազմակերպած «Ճարտարապետական ժառանգություն և ժամանակակից ճարտարապետություն» (ICAHCA) միջազգային 2-րդ գիտաժողովը, որին մասնակցում են Հայաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և Լեհաստանից։
Գիտաժողովի նպատակն է ճարտարապետական հուշարձանների, պատմական լանդշաֆտի պահպանությունը, քաղաքային միջավայրի, ինչպես նաև հարմարավետ նոր տարածքների ստեղծման հրատապ խնդիրների լուծման ուղիների բացահայտումը։
Գիտաժողովի բացման ժամանակ ՃՇՀԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պ/կ Սարգիս Թովմասյանը համալսարանի ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանի և ղեկավարության անունից ողջունեց մասնակիցներին։ «Գիտությունը մարդու գործունեության այն ոլորտն է, որը հնարավորություն է տալիս խոսել բոլորին հասկանալի նույն լեզվով՝ համագործակցության լավագույն ու արդյունավետ հարթակ հանդիսանալով տարբեր մշակույթներ ներկայացնող մարդկանց համար: Բոլորիդ արդյունավետ աշխատանք եմ մաղթում, իսկ ապագայում հաճելի հիշողություններ՝ Հայաստանում անցկացված օրերի մասին»․ նշեց պարոն Թովմասյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Մխիթարյան Միաբանության վարդապետ Հայր Համազասպ Քեշիշյանը․ «Շատ ուրախ եմ, որ այսօր ներկա եմ և մասնակցում եմ այս կարևոր գիտաժողովին։ Ճարտարապետական ժառանգությունը ոչ միայն մշակութային արժեք է, այլև մեր ինքնության մի մասն է: Շատ կարևոր է ուսումնասիրել ժառանգությունը, այս դեպքում՝ ճարտարապետական ժառանգությունը, ընկալել և հասկանալ այն, հետաքրքրություն ունենալ դրա նկատմամբ, սիրել և պահպանել այն։ Շնորհակալություն եմ հայտնում գիտաժողովի կազմակերպչին՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին և մաղթում հաջողություն, քանի որ համալսարանի հաջողությունը գիտական աշխարհի և բոլորիս՝ հայերիս հաջողությունն է»։
Եռօրյա գիտաժողովի ընթացքում համառոտ բանավոր զեկուցումներով ներկայացվելու է շուրջ 30 գիտական թեմա, որոնք կտպագրվեն Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված պարբերականում: