(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵԾ ՈՒ ՓՈՔՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հիշո՞ւմ եք՝ փոքր տարիքում ինչ հաճախ էինք նեղանում ծնողներից՝ մեր այս կամ այն պահանջը չբավարարելու կամ մեր ուզած նվերը չստանալու համար: Բայց կար մեկը, ումից երբեք դժգոհ չէինք, նույնիսկ այն դեպքում, երբ մեր ցանկությունը չէր կատարում: Նրա համար միշտ արդարացում կար՝ Լապլանդիան շա՜տ հեռու է, ճանապարհները ձյունոտ են, այս տարի այդքան շատ փող չունի և այլն: Ձմեռ պապուց նեղանալ չէր կարելի, դե, ինչպես նեղանայինք մեկից, ում երբեք չէինք տեսնում:

Եվ, հենց այդ խորհրդավորության քողի հետևում էր թաքնված մեր այդքան ամուր հավատը: Նոր տարին հենց Ձմեռ պապն էր, որ կար: Ուրիշ ի՞նչ, հա՜, նաև ընկույզ ու մանդարին, բայց դա ավելի հին պատմություն է: Իմ հերոսների Նոր տարին արդեն մանդարիններով չէր գալիս: Պատկերացումներն անսպառ էին, ցանկությունները՝ շատ:

Մեր համալսարանի ուսանողները հավատում էին, իհարկե, Ձմեռ պապուն, բայց վերապահորեն: Օրինակ՝ մասնագիտությամբ շինարար Ցոլինեն խոստովանում է, որ 5-6 տարեկանում, անցնող բոլոր ոստիկաններից հերթով ճշտում էր՝ կա՞ Ձմեռ պապ, թե՞ ոչ:

Այս ճշմարտության բացահայտման շուրջ կարծիքները հակասական են: Հոգեբանները պնդում են, որ Ձմեռ պապու մասին հորինվածքը կասկածի տակ է դնում ծնողի անկեղծ ու ճշտախոս լինելու հանգամանքը: Բացահայտելով, որ Ձմեռ պապ իրականում չկա, երեխան հասկանում է, որ իրեն տարիներ շարունակ խաբել են: Բայց, մյուս կողմից, Ձմեռ պապն այն առաջին ու կարևոր կերպարն է, որը ստիպում է երեխային հավատալ հրաշքների:

Մեր ուսանողուհի-դիզայներ Էլեոնորան Ձմեռ պապու հորինվածքը բացահայտել է բավականին վաղ տարիքում: Ասում է՝ 2 տարեկան էի, երբ Ամանորի գիշերը դռան դիմաց տեսա իմ երազած Բարբի տիկնիկն՝ իր տնով, բայց նախորդող և հաջորդող բոլոր օրերին դռնից և պատուհանից անցնողներին հետևելով հասկացա, որ Նա չկա:

Բայց այս պատմության մեջ կարևոր դա չէ, այլ այն, որ նույնիսկ այդքան փոքր հասակում զգացել է՝ անկախ ամեն ինչից, Ձմեռ պապուն նամակ գրելը պարտադիր է: Ո՞վ է բերում նվերը և որտե՞ղից, չգիտենք, բայց հաստատ ինչ-որ մոգական ուժ Ամանորի գիշերվա երազանքներն իրականացնում է:

Ի դեպ, իրականացնում է թե՛ մեծ, թե՛ փոքր երազանքները: Ապագա զբոսավար Լուսինեն 6 տարեկանում ունեցավ իր երազած հեծանիվը, ինժեներ Սպարտակը՝ լեգո-կոնստրուկտորը, ճարտարագետ-ինժեներ Խաչատուրը՝ իր գնացքը: Տարիներ անց սիրով ու հավատով պահված երազանքներն էլ իրականացան՝ ընդունվեցին համալսարան:

Երազանքներ այսօր էլ ունեն, ավելի ճիշտ՝ նպատակներ: Հիմա էլ ուզում են քննությունները լավ հանձնել, սիրելի բուհը կարմիր դիպլոմով ավարտել, ունենալ լավ պաշտոն՝ բոլոր ընկերներին օգնելու համար, մի քիչ էլ անձնական, օրինակ՝ մեքենա, սեփական բիզնես…

Ես էլ եմ հավատում, թեպետ վաղուց նամակ չեմ գրում: Աղջիկս է գրում, ես չեմ կիսում հոգեբանների կարծիքը և ուզում եմ, որ հրաշքների երկար հավատա: Հրաշքը Ձմեռ պապը չէ, այլ՝ հավատը:

Բարո՛վ գաս, Նոր տարի: Իրական հրաշքներով, աներեր հավատով և առողջությամբ գաս:

 

                                                                                                                        Դիանա Պողոսյան

 

28.12.18