Վանաձորում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը անցկացվեց Համահայկական գիտաժողովը, որի կազմակերպիչներն են ՀՀ գիտության կոմիտեն, Երևանի պետական համալսարանը և Ա. Ալիխանյան ազգային լաբորատորիան, հովանավորն է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:
Գիտաժողովի անցկացման նպատակն է խթանել գիտության զարգացումը հանրապետությունում, ստեղծել կապեր գիտահետազոտական ինստիտուտների և համալսարանների գիտնականների միջև՝ նպաստելով միջգիտակարգային հետազոտությունների զարգացմանը։ Իր ձևաչափով բացառիկ այս գիտաժողովը ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսավորած գիտական լաբորատորիաների ձևավորման, թեմատիկ և դրամաշնորհային այլ ծրագրերի հրապարակային հաշվետվությունն էր, մասնակիցներն էին գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների («Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության» (21SCG), «Առաջատար հետազոտությունների աջակցության» (21AG), «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության» (20TTCG), «Գիտական խմբերի մեկնարկի աջակցության» (20TTSG)») ղեկավարները/համաղեկավարները:
ՃՇՀԱՀ գիտնականները ակտիվորեն ներգրավված են գիտական տարբեր հետազոտություններում, և այս գիտաժողովը բացառություն չէր։ Սեպտեմբերի 29-ին ՃՇՀԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, «Բետոնի ֆիզիկամեխանիկական հատկությունների կառավարումն ածխածնային նանոկառուցվածքների միջոցով» գիտական թեմայի ղեկավար, ֆիզմաթ․ գիտ․ դոկտոր Մ. Բարսեղյանն իր ելույթում ներկայացրեց գիտական խմբի ընթացիկ ձեռքբերումներն ու գիտական թեմայի իրականացման վերաբերյալ ընթացիկ ֆինանսական հաշվետվությունը: